Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ժամանակավոր պաշտոնի է նշանակել Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի քրոջը՝ Հասմիկ Սամսոնյանին։
Նրան նշանակել է քարտուղարության բաժնի պետին փոխարինող, քանի որ պետը՝ Աննա Մեքինյանը, մեկնել է ֆիզարձակուրդ։
Ի դեպ, Վարդգես Սամսոնյանի քույրը քաղաքապետարանում աշխատում է վաղուց՝ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակվանից։
Գյումրու քաղաքապետարանի նախկին պատասխանատուները մեզ պարզաբանեցին, որ այստեղ արտառոց ոչինչ չկա․ Հասմիկ Սամսոնյանը ընդհանուր բաժնում աշխատում է որպես գլխավոր մասնագետ, բաժինը տեղակալ չունի, հետևաբար և պետի բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են գլխավոր մասնագետի վրա, այսինքն՝ Սարիկ Մինասյանը գործել է ըստ օրենքի։
Կարդացեք նաև
Ի դեպ, այս նշանակումն առիթ է տվել շատերին ենթադրելու, որ Գյումրու քաղաքային իշխանությունից հրաժարական ներկայացրած քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ հնարավոր է սատարի Սարիկ Մինասյանին․ վերջիններս միասին աշխատել են Գյումրու քաղաքապետարանում՝ ջերմ ու լավ հարաբերությունների մեջ գտնվելով։
Մենք փորձեցինք թեմայի շուրջ զրուցել Վարդգես Սամսոնյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ «Բալասանյան դաշինքից» ճշտեցինք, որ նախկին քաղաքապետն այս պահին Հայաստանում չէ․ այս դաշինքից բացառեցին նման խոսակցությունները։ Սարիկը Մինասյանը ևս մեր հեռախոսազանգը թողեց անպատասխան։
Թեմայի շուրջ առաջիկայում կլսենք ինչպես Վարդգես Սամսոնյանի, այնպես էլ Սարիկ Մինասյանի պարզաբանումները.։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ