«Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը որոշում կայացրեց Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը վերացնել։ Սա սովորական վարչական հսկողություն չէր, կիսատնային կալանք էր։ Դավիթ Սարգսյանն արդեն 7 ամիս է՝ տանից դուրս չէր եկել, այսօրվանից արդեն ազատությունը վերջապես վերականգնվեց»,- Ստեփանակերտի քաղաքապետի ու ավագանու գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ գործընթացը երկար տեւեց, իրենք ընթացքում անընդհատ միջնորդություններ են ներկայացրել խափանման միջոցի վերացման մասին։ «Գոնե դատախազը դա պետք է վերացներ, որովհետեւ ծանր հանցակազմը վերջում փոխեցին մեծ ծանրության հանցակազմի։ Նույնիսկ եթե այս դատավարության ավարտին մեղադրական կողմն ամբողջությամբ ճիշտ լինի, մենք սխալ, անգամ ազատազրկման ձեւով պատժատեսակ կիրառվել չի կարող։ Այդ աստիճանի թեթեւ մեղադրանքի մասին է խոսքը, որը մենք սկզբունքորեն չենք ընդունում»,- ասաց նա։
Նշենք, որ դատարանը Դավիթ Սարգսյանի նկատմամբ բացակայելու մասին արգելք խափանման միջոցը թողեց անփոփոխ։ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այդ մասով խնդիր չկա, եթե խնդիր լինի, նոր միջնորդություն կլինի։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024 թվականի մայիսին՝ Բագրատ Սրբազանի եւ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։
Կարդացեք նաև
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի տեղեկացմամբ՝ Դավիթ Սարգսյանը շուրջ 7 ամիս մեղադրվում էր «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր «խարդախությամբ հափշտակելու» համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։
Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։ Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչական մարմինը փաստացի ընդունեց պաշտպանների փաստարկները եւ վերացրեց խարդախության մեղադրանքը: Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն Դավիթ Սարգսյանին եւ ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ, ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի, հիմնազուրկ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։
«Պաշտպանության կողմը չի ընդունում մեղադրանքը եւ տրամադրված է դռնբաց դատական նիստերում դատարանի ու հանրության առջեւ ի ցույց դնել մեղադրանքի ողջ անհեթեթությունը»,- հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ