Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այսօրվա դատական նիստի ընթացքում այդ մասին հայտարարեց ինքը՝ Դավիթ Սարգսյանը։
«Մենք մեզ մեղադրյալ չենք ճանաչում, սխալ գործարք չենք արել, այդ մեքենան էլ պատկանում է Ստեփանակերտի քաղաքապետարանին»,- դատական նիստի ժամանակ ասաց Դավիթ Սարգսյանը։ Նա նշեց, որ պահանջում են, որպեսզի իր եւ ավագանու անդամների խափանման միջոցը վերացվի։
Դավիթ Սարգսյանը Արցախի բարբառով էր խոսում։ «Միգուցե թարգմանիչ բերենք, հասկանո՞ւմ եք»,- հանրային մեղադրողին դիմեց դատավոր Դավիթ Բալայանը։ Ի պատասխան Հանրային մեղադրողն ասաց, որ ինքը հասկանում է։ «Ես էլ եմ հասկանում»,- արձագանքեց Դավիթ Բալայանը։
Դավիթ Բալայանը նաեւ հարցրեց Ստեփանակերտի քաղաքապետին․ «Դատախազի հարցերից կաշկանդվո՞ւմ եք։ Դուք ըտենց ուսադիրներով մարդիկ չեք տեսե՞լ Արցախում»։ «Շատ ենք տեսել»,- արձագանքեց Դավիթ Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024 թվականի մայիսին՝ Բագրատ Սրբազանի եւ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի տեղեկացմամբ՝ Դավիթ Սարգսյանը շուրջ 7 ամիս մեղադրվում էր «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր «խարդախությամբ հափշտակելու» համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։
Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։ Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչական մարմինը փաստացի ընդունեց պաշտպանների փաստարկները եւ վերացրեց խարդախության մեղադրանքը: Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն Դավիթ Սարգսյանին եւ ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ, ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի, հիմնազուրկ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։
«Պաշտպանության կողմը չի ընդունում մեղադրանքը եւ տրամադրված է դռնբաց դատական նիստերում դատարանի ու հանրության առջեւ ի ցույց դնել մեղադրանքի ողջ անհեթեթությունը»,- հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ