Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի եւ ավագանու անդամների վերաբերյալ դատաքննությունը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024 թվականի մայիսին՝ Բագրատ Սրբազանի եւ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի տեղեկացմամբ՝ Դավիթ Սարգսյանը շուրջ 7 ամիս մեղադրվում էր «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր «խարդախությամբ հափշտակելու» համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։
Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։ Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչական մարմինը փաստացի ընդունեց պաշտպանների փաստարկները եւ վերացրեց խարդախության մեղադրանքը: Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն Դավիթ Սարգսյանին եւ ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ, ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի, հիմնազուրկ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։
Կարդացեք նաև
«Պաշտպանության կողմը չի ընդունում մեղադրանքը եւ տրամադրված է դռնբաց դատական նիստերում դատարանի ու հանրության առջեւ ի ցույց դնել մեղադրանքի ողջ անհեթեթությունը»,- հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Այսօրվա դատական նիստում պաշտպանների ներկայացրած միջնորդություններից հետո դատարանը որոշում կայացրեց Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացնելու մասին՝ պահպանելով նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը։
Դատավոր Դավիթ Բալայանը նիստի սկզբում հարցուպատասխանի ժամանակ հարցրեց Ստեփանակերտի քաղաքապետին․ «Ձեր ձայնը տենց խրոխտ է, թե՞ դիտմամբ եք այդպես խոսում»։ «Չէ, այդպես է ձայնս»,- արձագանքեց Դավիթ Սարգսյանը։
Այնուհետեւ դատավորը հարցրեց, թե Ստեփանակերտի քաղաքապետը ՀՀ քաղաքացի՞ է։ «Ոչ, արցախցի եմ»,- պատասխանեց Դավիթ Սարգսյանը։ «Իսկ արցախցին չի կարո՞ղ ՀՀ քաղաքացի լինել»,- հարցրեց դատավորը։ «Դե, ասում են՝ չէ»,- արձագանքեց Դավիթ Սարգսյանը՝ հավելելով, որ փախստականի կարգավիճակ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում.
Դատավորը նաեւ հարցրեց Դավիթ Սարգսյանին, թե նա այժմ աշխատանք ունի՞։ Ստեփանակերտի քաղաքապետն ասաց, որ չի աշխատում։ «Ստեփանակերտի քաղաքապետն եմ, բայց հասարակական հիմունքներով եմ աշխատում»։ «Հիմա էլ եք քաղաքապե՞տ»,- հարցրեց դատավոր Բալայանը։ «Այո, առանց տարածքի»,- ասաց Դավիթ Սարգսյանը։
Ստեփանակերտի ավագանու անդամներից մեկն ասաց, որ մեղադրական եզրակացության օրինակը չի ստացել, դրան ծանոթացել է կոլեգաների միջոցով։ Ի պատասխան՝ դատավորը «հանցակիցներ» անվանեց Ստեփանակերտի ավագանու անդամներին։ «Կոլեգաները մեղադրյալնե՞րն են։ Ես ինչ լսել, լսել էի, բայց չէի լսել, որ մեղադրյալը կոլեգա է։ Հանցակից կարելի է ասել, էլի»,- ասաց դատավոր Բալայանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ