Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր և մարտական դիրքեր:
Պաշտպանն ու զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը քննարկել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի տարաբնույթ հարցեր, այդ թվում՝ զինծառայողների առողջական վիճակի, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների, զորքերում կարգապահության, սպա-հոգեբանի ինստիտուտի, ինչպես նաև զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, զորամիավորման հրամանատարի, բարձրաստիճան սպայական անձնակազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին:
Մարտական դիրքերում Պաշտպանն ու աշխատակազմը ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:
Կարդացեք նաև
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։
Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։
Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավուքներին վերաբերելի մի շարք հարցեր։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան