«Կառավարության վերջերս ընդունած որոշումը բխում է Զբոսաշրջության մասին օրենքի պահանջներից, որը փաստացի ուժի մեջ էր մտել նախորդ տարվա սեպտեմբերից: Նախատեսվում է ընդունել 28 ենթաօրենսդրական ակտեր»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը։
Անդրադառնալով վերջերս ընդունված որոշմանը՝ նա հետեւյալը հավելեց. «Զբոսաշրջության կոմիտեն եւ ընդհանրապես ՀՀ կառավարությունը որդեգրել են բոլոր ոլորտների թվայնացման գործընթացը արագացնելու եւ արագ իմպլեմենտացնելու քաղաքականություն, որին հետեւում է զբոսաշրջային կոմիտեն: Նախատեսում ենք ստեղծել էլեկտրոնային հարթակ կամ էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ կլինեն զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները՝ զբոսաշրջային օպերատորները, գործակալները, ավտոբուսները, որոնք մոտուցում են զբոսաշրջային ծառայություններ, ուղեկցորդները, գիդերը: Ընդհանրապես զբոսաշրջությունը կհայտնվի մեկ էլեկտրոնային գրանցամատյանում, այլ ձեւակերպմամբ՝ մենք կթվայնացնենք ոլորտը»,- հավելեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահը:
Նրա խոսքով, ոլորտը թվայնացնելու համար իրենք պետք է ունենան համապատասխան տվյալների բազա, որը կձեւավորվի ՀՀ ծանուցման մասին օրենքի դրույթներից ելնելով՝ ծանուցում ներկայացնող սուբյեկտների միջոցով:
Լուսինե Գեւորգյանի խոսքով՝ ստացվում է հետեւյալը. «Զբոսաշրջային կոմիտեն ստեղծում է էլեկտրոնային գրանցամատյան, իսկ համապատասխան սուբյեկտները, հյուրանոցները կամ հյուրատները կծանուցեն իրենց գործունեության մասին համապատասխան փաթեթով: Զբոսաշրջային գործունեություն իրականացնողների համար պարտադիր պայման է հանդիսանալու կայք ունենալը, որովհետեւ շատ հաճախ մենք բախվում ենք այնպիսի մի խնդրի, որ անբարեխիղճ տնտեսվարողները սոցցանցերում ուղղակի ստեղծելով մեկ էջ եւ մատուցելով ինչ-որ ծառայություններ՝ իրենց համարում են զբոսաշրջային գործակալներ կամ ընկերություններ եւ մատոցում ինչ-ինչ ծառայություններ, ինչի արդյունքում հաճախ տուժում են ծառայություններ ստացող մեր ՀՀ քաղաքացիները»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ