Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Մեր ճամարտակող դուրսպրծուկը հերթական անգամ որպես ձեռքբերում կներկայացնի…»

Հունվար 29,2025 16:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Տարիներ շարունակ ԱԺԲ խորհրդի անդամների զգուշացումները զանց են առնվել՝ կապված Արցախի ապագայի հետ: Այն հնարավոր վատ սցենարները, որոնց մասին մենք խոսել ենք, որակվել են որպես ավելորդ ահազանգեր եւ մեզ մեղադրել են ալարմիզմի մեջ: Իրականում տեսանք, որ ամենավատ սցենարները իրականացան: Այսօրվա ասուլիսը ականջ ունեցող եւ լսել ցանկացող մարդկանց համար է, իսկ նպատակը՝ մեր հասարակությանը զգաստացնելը:

Մինչեւ օրս այն մտահոգությունները, որ մենք ունեինք Մեղրիի միջանցքի հետ կապված, կամ անկլավների (արտատարածքների), առանձին մտահոգող հարցեր էին մեր ժողովրդի համար: Ներկայումս, ըստ շատ հավաստի տեղեկությունների, որ մենք ստացել ենք, այս երկու հարցերը միավորվելու են, եւ այդ միավորումը տեղի է ունենալու հետեւյալ կերպ: Արծվաշենի արտատարածքը ադրբեջանցիները մտադիր են հանձնել եւ նաեւ էքստերիտորյալ ճանապարհ հատկացնել, որպեսզի այն միանա, Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, մայրցամաքային տարածքներին: Դրա դիմաց ակնկալվում է փոխանակել ադրբեջանական համարվող արտատարածքները՝ անկլավները, որոնք Խորհրդային Հայաստանի տարածքում 70-ական թվականներից հետո հայտնվել են: Մինչեւ դա, քարտեզներում առհասարակ այդպիսի բան չի եղել: Սակայն այս հարցը ուղղակիորեն կապվում է Մեղրիի միջանցքի հետ:

Երկու դեպքում էլ հանրությանը ներկայացվում է, թե տեսեք, կան անկլավներ, որոնք կարիք ունեն ճանապարհների: Մի դեպքում դա Արծվաշենն է Հայաստանի համար, մյուս դեպքում Նախիջեւանը՝ Ադրբեջանի համար: Եվ փոխադարձ շահավետ, բարյացակամ որոշում է կայացվում, որ այդ տարածքները հանձնվում են եւ դրա դիմաց ճանապարհներ պետք է լինեն, որոնցով այդ անկլավները պետք է կապված լինեն իրենց մայր տարածքների հետ:

Այս ամենի տրամաբանությունը գալիս է նրանից, որ վերջին տարիներին, երբ որ Մեղրու միջանցքի հարց բարձրացվեց, միջազգային ճնշումները եւ մեր ժողովրդի ճնշումները որոշակիորեն հետ էին պահում Սյունիքում նման միջանցքի հնարավորությունից: Հիմա, փաստորեն, որպեսզի շեղեն ժողովրդի ուշադրությունը եւ հնարավորություն ստեղծեն դա ներկայացնելու որպես բարիք, մեր ճամարտակող դուրսպրծուկը հերթական անգամ կհայտնի այն մասին, թե տեսեք, առանց կրակելու, խաղաղության ճանապարհով, բանակցություններով այդ ամենը վերադարձնում ենք:

Ավելին, խոսվում է այն մասին, որ Գորիս-Կապան այն հատվածը, որ փակ է, դա էլ ադրբեջանցիները պատրաստ են հանձնելու: Ու դրանից լավ էլ ի՞նչ եք ուզում: Ահա այսպիսի մեքենայություններ են ծրագրվել եւ առաջիկայում մենք դրանց մասին կլսենք:

Ես ուզում եմ հիշեցնել, որ Ալեն Սիմոնյանը մոտավորապես մի շաբաթ առաջ արդեն իսկ հայտարարեց. «Ինչ վերաբերվում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում, եւ Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է ունենա»: Սա հայտարարեց հենց այնպես, անկլավների հետ կապված հարցի համատեքստում:

Դեկտեմբեր ամսին մենք ունեցանք մեկ ուրիշ հայտարարություն: Փաշինյանը, անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե արտատարածքների հանձնման դեպքում Ադրբեջանը Հայաստանի կարեւոր ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն կունենա՞, վստահեցրեց, թե ցանկացած սցենարի դեպքում, այդ թվում՝ փոխանակման, լուծումներ կան եւ դրանք հստակ ծրագրված են:

Այո, լուծումներ կան, ծրագրված են եւ այդ բոլորը՝ Հայաստանի համար վատթարագույն սցենարով: Եթե անգամ արտատարածքների հարցը փորձեն լուծել որեւէ ձեւով, այդտեղ անհավասարություն արդեն իսկ կա, որովհետեւ Արծվաշենը ոչ մի ռազմավարական նշանակություն այս պահին չունի, իսկ ադրբեջանական համարվող այն արտատարածքները, որոնք պահանջում են դրա դիմաց՝ 44-45 քկմ- ի փոխանակման մասին է խոսքը, բոլորը գտնվում են մայրուղիների վրա: Բնականաբար, այդտեղ բնակչություն չի ապրելու, դրանք լինելու են ռազմական հենակետեր, որոնք ծառայելու են Հայաստանի տարածքի վրա լրացուցիչ լծակներ եւ ճնշումներ ստեղծելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031