«Շվեյցարիայում հերթական ուրացումը կատարեց՝ հարցականի տակ դնելով ցեղասպանության իրողությունը»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ինչպե՞ս է ստացվում, որ 1939 թ. Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, և ինչպես է ստացվում, որ 1950 թ. հայտնվեց Հայոց ցեղասպանության օրակարգը»:
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ այսպիսի հայտարարություններ առաջին անգամ չեն հնչում․ «Այսինքն՝ փորձել հասկանալ՝ ով ում է ցեղասպանե՞լ, փորձենք հասկանալ, որ միլիոնուկես հայերը կոտորվել, տեղահանվել են, փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երբ զրկվել ենք մեր հայրենիքից, և ողբերգություն է տեղի ունեցել։ Փորձենք դա հասկանա՞լ»։
Դիմելով հանրությանը՝ Գառնիկ Դանիելյանը հարցրեց․ «Դուք հա՞շտ եք այս իրողության հետ, այս խոսույթի հետ, որ փորձում են մեր մեջ սերմանել, որ ցեղասպանության պատասխանատվությունը հայ ժողովրդի վրա է։ Դուք հա՞շտ եք այն իրողության հետ, երբ մի երկրի ղեկավար կանգնում և հայտարարում է, որ ցեղասպանությունը հարցականի տակ է դնում այն երկրում, որտեղ ցեղասպանության ժխտումը քրեականացված է։ Հա՞շտ եք այն իրողության հետ, երբ աշխարհի տարբեր երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, և այդ երկրների ընդունած որոշումները ծաղրի՞ են ենթարկվում»։
Կարդացեք նաև
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հաճոյանալու համար է անում այս հայտարարությունները. «Եթե ցեղասպանությունը չես դատապարտում, հետևանքները չես վերցնում, ապա ցեղասպանությունը կրկնվում է։ Եթե մենք մեր պատմությունից դասեր չենք քաղում ու աշխատանք չենք անում և Թուրքիային պահանջներ չենք ներկայացնում, ուրեմն մենք կանգնելու ենք նոր ցեղասպանության շեմին»։
Անդրադառնալով Արարատի հետ կապված խոսակցություններին՝ Գառնիկ Դանիելյանը փաստեց․ «Հարյուր տարի եւ ավելի Արարատ լեռը մեր հանրապետության խորհրդանիշն է, հանդիսացել է սրբության սրբոց, որով մենք հպարտացել ենք և որպես ազգ ներկայացել, որովհետև քրիտոնեական ակունքներում կանգնած բիբլիական լեռն է, որի ուրացումը նույնն է, ինչ ուրանալ սեփական ինքնությունը, արմատներից, տեսակից ու պատմությունից հրաժարվելը։ Պարտավոր ենք հակազդել Թուրքիայի և թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող ռեժիմի քարոզչությանը»։
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Կգնա՞ս, քո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կասե՞ս՝ անունդ, փոխի, որ հետդ բանակցեն։ Կասե՞ս։ Հերիք չէ մեր ժողովրդին հոգեկան տառապանքների ենթարկելը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ