Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առաջնային նպատակներից մեկը 18-29 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածության աճի ապահովումն է. նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին

Հունվար 29,2025 16:42

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Նորարարական լուծումներ՝ տարբեր երկրների աշխատաշուկաներում երիտասարդների զբաղվածությունն ամրապնդելու նպատակով» թեմայով նախարարական կլոր սեղանին․ քննարկմանը մասնակցում է աշխատանքի ոլորտը համակարգող 40 նախարար։

Իր ելույթում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և այս համատեքստում ընդգծել ՀՀ զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարության մշակման կարևորությունը։ Նախարարի խոսքով, փաստաթղթի մշակմանը զուգահեռ, իրականացվում են նաև մասնագիտական ուսուցման, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են նպաստելու «կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխանակմանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Վերջիններս նաև միտված են աջակցելու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ օգնելով նրանց ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին և հեշտացնելով աշխատանքի ձեռքբերման գործընթացը:

«ՀՀ զբաղվածության ռազմավարության առաջնային նպատակներից մեկը 18-29 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածության աճի ապահովումն է՝ հմտությունների շարունակական զարգացման, հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով: Այս նպատակին հասնելու համար մենք կարևորում ենք արդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական ​​կողմնորոշման և կարիերայի կառավարման հմտությունների զարգացումը, ինչպես նաև անհրաժեշտ խթանների ստեղծումը՝ երիտասարդներին աշխատաշուկա ներգրավելու և նրանց մրցակցային կարողությունները շարունակաբար զարգացնելու համար»,- ասել է նախարար Մկրտչյանը։

Իրականացվող բարեփոխումների հիմքում Նարեկ Մկրտչյանը շեշտել է նաև սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը․ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը միացել է Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային, և շարունակում է ակտիվ ու արդյունավետ համագործակցել սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ։

Քննարկման ընթացքում բանախոսն ընդգծել է նաև աշխատանքային հարաբերությունների ճկուն մեխանիզմների ներդնման և «աշխատանք-կյանք» հավասարակշռության ապահովման կարևորությունը՝ մանրամասնելով հեռավար աշխատանքի կարգավորումների, աշխատանքային ժամերի կրճատման և նախատեսվող այլ աշխատանքների մասին։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031