«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երեկ Բաքվի բռնապետ Ալիևը տրանսպորտային հարցերին նվիրված քննարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնություններով է հանդես եկել՝ ասելով․ «Կարևոր է հիշել, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանություններն անարդարացիորեն մեզանից խլեցին Արևմտյան Զանգեզուրը՝ ծանր անարդարություն գործելով ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։ Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին նման հանցագործությունն էր։
Երկրորդ, իրադարձությունների հաջորդականությամբ, մեկ այլ ծանր անարդարություն էր, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» ստեղծումը Ադրբեջանի տարածքում։ Մինչ այդ ցարական Ռուսաստանը հերթական սխալն էր թույլ տվել՝ հայերին վերաբնակեցնելով Ադրբեջանի տարածքում։ Անգամ մինչ դա՝ Ղարաբաղի խանի սպանությունը, որը Ղարաբաղի նկատմամբ երաշխավորված ղեկավարություն ուներ, ևս լուրջ անարդարություն էր։
Հայտնի են նաև 20-րդ դարի այլ հանցագործություններ, այդ թվում՝ Խոջալուի ցեղասպանությունը, հունվարի 20-ի ողբերգությունը և 1990-ականների սկզբին մեր հողերի օկուպացումը: Ադրբեջանական ժողովուրդը չի մոռացել այս իրադարձությունները, և մենք երբեք չենք մոռանա Զանգեզուրը․․․»։
Կարդացեք նաև
Այն, որ Ալիևը կեղծում է տարածաշրջանի պատմությունը, աչք ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դա երբեք չի թաքցնում ակնհայտ է, նաև հասկանալի, քանի որ դա անում է հակառակորդ կողմը, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է։
Առավել մտահոգիչ է մեզ մոտ, իշխանությունների կողմից մեր իսկ պատմության խեղումը, վտանգավոր հարցադրումների առաջ քաշումը՝ հօգուտ հակառակորդի, մեր իրավունքների մերժումն ու ուրացումը։ Հենց դրա միջոցով է Ալիևը այսքան հանդուգն ու համարձակ դառնում, քանի որ Փաշինյանի պես հենարան ունի Հայաստանում…