Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնյակ կազմակերպություններ հիմնել են «Հանուն Արցախի միավորումը»՝ միասնական նպատակների շուրջ համագործակցության համար

Հունվար 29,2025 15:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախյան ու հայաստանյան տասնյակ հասարակական կազմակերպություններ ու հանրային գործիչներ հիմնել են «Հանուն Արցախի միավորումը», որի հիմնադիր ժողովը կայացել է հունվարի 19-ին՝ Երևանում:

Միավորման հիմնադիր փաստաթղթում անդամներն ամրագրել են. «Գիտակցելով առկա ծանրագույն իրավիճակում Արցախի ժողովրդի ճակատագրի և Արցախի համար մեր բաժին պատասխանատվությունը՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններն ու անձինք, ընդունում ենք ստորև ներկայացված «Հանուն Արցախի Միավորման անդամների համագործակցության հուշագիրը»՝ նպատակ ունենալով համախմբված ու համակարգված գործունեություն ծավալել մեր միասնական նպատակների ուղղությամբ»:

Միավորման նպատակներն են՝
1. Արցախի ժողովրդի հավաքական վերադարձ Արցախ և նրա անվտանգ, արժանապատիվ, ինքնորոշված ու կայուն կյանքի ապահովում իր պատմական հայրենիքում։
2. Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն ու սոցիալական հիմնախնդիրների կարգավորում Հայաստանի Հանրապետությունում և միջազգային հարթակներում։
3. Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների մեղավորներին անհատական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկում:
4. Ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող՝ Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանություն:

Միավորման գործունեության սկզբունքներն են՝
1. Միավորումը գործում է անկախ կերպով՝ բացառելով արտաքին ուժերի ազդեցությունը որոշումների կայացման վրա։
2. Բացառվում է Միավորման մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ներքաղաքական պայքարին։
3. Յուրաքանչյուր անդամ ազատ է իր քաղաքական հայացքներում և գործողություններում՝ Միավորման շրջանակներում գործունեությունից դուրս:
4. Բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ՝ ըստ իրենց կարգավիճակի։
5. Միավորումը ծավալում է գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան։

Հանուն Արցախի Միավորման անդամ կարող են լինել Արցախի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գրանցված այն հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, որոնց կանոնադրային նպատակները ներառում են Արցախի ժողովրդի կամ նրա կոնկրետ խմբի իրավունքների կամ դրանց մի մասի պաշտպանությունը կամ շահերի ներկայացումը: Միավորման անդամ կարող են լինել նաև այն չափահաս ֆիզիկական անձինք, որոնք ընդունում են Միավորման նպատակներն ու սկզբունքները:

Վերոնշյալ չափանիշներին համապատասխանող և Միավորմանն անդամակցելու հետաքրքրություն ունեցող կազմակերպություններն ու անձինք կարող են դիմել անդամակցության համար՝ նամակ գրելով Միավորման ֆեյսբուքյան էջին:

Հանուն Արցախի միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031