«Ծառայողական քննությունն այնպես չէ, որ պետք է պարտադիր նշանակես, դա քո հայեցողությամբ է, կարող է՝ հարց ես տալիս, պատասխանում է, ու դա քեզ լրիվ բավարարում է: Այսինքն՝ Արսեն Թորոսյանը ոչ թե Սուրբ գիրքն էր, որ ինձ բան է ասել, պետք է կատարեմ, Թորոսյանն ասել է, ես էլ գնահատել եմ»,-այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթացող քննության ժամանակ ասաց պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով մեղադրող դատախազի հարցին, թե երբ առաջին անգամ՝ 2018-ի վերջերին, այն ժամանակ առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանից տեղեկություն ստացավ, որ իր աշխատակից Սամվել Ադյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ինչո՞ւ որեւէ քայլ չձեռնարկեց՝ այդ տեղեկությունը ճշտելու համար:
Մեղադրող դատախազի հաջորդ հարցին՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու ու գնումների գործընթացին մասնակցելու ՊՎԾ աշխատակիցների մասին տեղեկությունը ստանալուց 5 ամիս անց, երբ ամբողջ մամուլը սկսեց արձագանքել դրան, ոլորտի թիվ մեկ պատասխանատուն դժգոհություն արտահայտեց, այլ տեղերից ազդակներ եկան, որքանո՞վ եք ճիշտ վարվել, երբ այդ դժգոհությունը որեւէ կերպ ստուգելու , այդ տեղեկությունը իրավապահ որեւէ ծառայության փոխանցելու փոխարեն, նորից բավարվեցիք Սամվել Ադյանի պատասխանով:
Սանասարյանը պատասխանեց, որ երբ մամուլում տեղեկությունը տարածվել է, ինքն ԱԱԾ տնօրենի հետ կապի է դուրս եկել, որ ստուգեն միասին. «Ես դիմել եմ, ասաց՝ վարչապետն ասի, ես կանեմ, վարչապետին դիմել եմ, հետո իմ դեմ քրեական գործը բացվեց»:
Մեղադրող դատախազը նկատեց, որ քրեական ամբողջ գործում կարմիր թելով անցնում է, որ երկու մեղադրյալները՝ Ադյանն ու Գեւորգ Խաչատրյանը, ամբողջ օրը աշխատանքին զուգահեռ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սանասարյանից նաեւ հետաքրքրվեց՝ ձեզ համար՝ որպես ՊՎԾ ղեկավար, ընդունելի՞ էր, որ ՊՎԾ աշխատակիցները գնում են ԱՆ գլխավոր քարտուղարի մոտ խորհրդակցություն են անում ու առաջ են տանում միայն իրենց բիզնես շահերը: Ստուգե՞լ եք աշխատանքային ժամերին ուր են, ինչով են զբաղվել:
Կարդացեք նաև
Նիստը նախագահող դատավորը մեղադրողի այս հարցը հանեց՝ ասելով, որ դա մեղադրանքին չի վերաբերում, որ Սանասարյանը ստուգեր, տեսներ՝ աշխատաքնային ժամին ինչով են զբաղվում:
-Այս ամենն է ծնել այս ամեն ինչը,- դատավորին այսպես արձագանքեց մեղադրող դատախազը:
Հետո շարունակեց՝ Սամվել Ադյանն ու Գեւորգ Խաչատրյանը մասնակցել են գնման գործընթացին, կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, էդ հանգամանքները որեւէ պաշտոնական եղանակով ինչո՞ւ չեք ստուգել:
– Արդեն պատասխանել եմ,- արձագանքեց հարցին Սանասարյանը:
Հետո նա հավելեց, որ ապացուցված փաստ չէ, որ Ադյանն ու Խաչատրյանը ամբողջ օրը զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ: Սանասարյանի խոսքով՝ Ադյանը եղել է ՊՎԾ լավ աշխատակիցներից մեկը: «Բայց դատապարտում եմ , որ բիզնես շահեր է ունեցել»,- հավելեց Սանասարյանը:
-Օրենքով արգելված չէ՞ր, որ ՊՎԾ աշխատակիցները մասնակցեին գնումների գործընթացին,- հարցրեց դատախազը:
-Արգելված էր,- պատասխանեց Սանասարյանը ու հավելեց, – Կողմ չեմ եղել դրան: Իրենց արածի արդյունքում պետությունը օգտվել է, միգուցե իրենք էլ փորձել են այդտեղ օգտվել: Ես գնահատում եմ նրանց կատարած աշխատանքը, որը թվերի տեսքով պետբյուջե է մտել: Ես խոստանում եմ, որ հատուկ ձեզ համար պլակատով ցույց կտամ, որ դեմ եմ, որ որեւէ պետական աշխատող մասնակցի պետական գնումներին:
-Որտե՞ղ եք ցույց տալու, – հարցրեց նիստը նախագահողը:
-Նախապես կասեմ,- կատակեց Սանասարյանը:
-Միայն նիստերի դահլիճում ցույց չտաք,- արձագանքեց նիստը նախագահողը:
Մեղադրողն անցավ հարցերին՝ միգուցե անփո՞ւյթ էիք ու չէի՞ք նկատում, որ իրենց աշխատանքը լավ չեն կատարում:
-Չէ, ես անփույթ չեմ կատարել իմ աշխատանքը: Դա ավելի վատ է, քան ինձ մարդասպանության մեջ մեղադրեիք: Ես նվիրված եմ աշխատել ու որեւէ անփութություն չեմ արել: Քենեդու սպանության մեջ կարող եք մեղադրել, բայց անփութության մի տարեք,- պատասխանեց Սանասարյանը:
-Ձեզ առաջադրված մեղադրանքում Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք,- հարցրեց մեղադրող դատախազը:
-Ոչ,- պատասխանեց Սանասարյանը:
-Այսինքն՝ ձեր կանխավարկածն այն է, որ գործով անցնող անձինք, մեղադրյալները, բոլորը տվել են կեղծ ցուցմունքնե՞ր, սաղ սուտ է, դուք ճի՞շտ եք,- հարցրեց մեղադրող դատախազը:
-Այո,- պատասխանեց Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել է իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ