ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է խաղաղության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն միևնույն ժամանակ ընդգծել, որ Զելենսկին չի կարող ստորագրել ոչ մի փաստաթուղթ, քանի որ նրա իշխանությունը «լեգիտիմ չէ»։
«Կարող ես բանակցել ցանկացածի հետ, պարզապես իր ոչ լեգիտիմության պատճառով նա [Զելենսկին] իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները», – հունվարի 28-ին Ռոսիա 1 հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակ և հաղորդավար Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հայտարարել է, որ ըստ Ուկրաինայի սահմանադրության՝ երկրի նախագահը նույնիսկ ռազմական դրության պայմաններում իրավունք չունի երկարաձգելու իր լիազորությունները. նման իրավունք ունի միայն Գերագույն ռադան։ Նշենք, որ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսին:
ՌԴ նախագահը մտահոգություն է հայտնել փաստաթղթերի վերջնական ստորագրման առնչությամբ՝ նշելով, որ դրնաք պետք է ապահովեն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում, ուստի ոչ մի սխալ թույլ տալ չի կարելի։
Կարդացեք նաև
Պուտինի խոսքով՝ եթե արևմտյան երկրները դադարեցնեն ֆինանսական և ռազմական աջակցությունը Ուկրաինային, ապա հակամարտությունը կավարտվի երկու ամսվա ընթացքում։
ՌԴ նախագահն ասել է, որ 2022 թվականի գարնանը պատրաստ է եղել Զելենսկու հետ անձնական հանդիպման և «համապատասխան ազդանշաններ է ուղարկել» ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին թելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՌԴ նախագահի հայտարարություններին՝ մասնավորապես, ասելով. «Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմն անվերջ դարձնելու համար»: