Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդպիսի հնարավորություն կար, ինչո՞ւ էիք փորձում ժողովրդի վզին փաթաթել 300 դրամը. «Արդար Հայաստան»

Հունվար 29,2025 13:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արդար Հայաստան». Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է հեռացվի՝ հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումները ձախողելու և նախընտրական շրջանում տրված խոստումները չկատարելու համար․․․

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է հեռացվի՝ հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումները ձախողելու և նախընտրական շրջանում տրված խոստումները չկատարելու համար:

Գործող իշխանությունը 2023թ. Երևանի ավագանու ընտրություններին խոստանում էր, որ 2024թ. հունվարից Երևան քաղաքում կներդրվի միասնական տոմսային համակարգ։

Մինչ օրս այն ամբողջովին ներդրված չէ:

Սրան զուգահեռ, տրանսպորտի վերջնական սակագնի որոշման գործընթացում անտրամաբանական որոշումների կայացումը, մեղմ ասած, զարմանք է հարուցում։

2024թ. մարտ ամսին Երևանի ավագանու որոշմամբ տրանսպորտի ուղեվարձը, ըստ էության, եռակի անգամ թանկացվեց, սակայն հանրային ճնշման արդյունքում գործող իշխանությունը վերջին շրջանում մի քանի անգամ փոփոխեց իր իսկ կողմից կայացված որոշումը, իսկ արդեն երեկ քաղաքապետի կողմից հայտարարվեց, որ տրանսպորտի սակագինը սահմանվում է 150 դրամ մեկ ուղևորության համար՝ անսահմանափակ փաթեթների երկարացման հնարավորությամբ։

Ստացվում է, որ նախապես որոշված 300 ՀՀ դրամը եղել է ուռճացված, որի հիմքում որևէ տնտեսագիտական հաշվարկ և մասնագիտական հիմնավորում դրված չի եղել։

Ստացվում է, որ 2024թ. մարտ ամսին Երևանի ավագանու կողմից կայացված որոշումը՝ սակագնի թանկացման մասին, ընդամենը իշխող ուժի և իրեն սպասարկող այլ ուժերի կամայական որոշման արդյունքն է։

Նախապես ուղեվարձի թանկացումը և 300 դրամ սահմանելը հիմնավորվում էր, որ դրա հետևանքով կբարելավվի և կարդիականացվի տրանսպորտային համակարգը, սակայն պարզվում է, որ այժմ այն հնարավոր է ապահովել 150 ֊ՀՀ դրամով։

Եթե այդպիսի հնարավորություն կար, ինչու՞ էիք փորձում մեր ժողովրդի վզին փաթաթել 300 դրամը։

Սա նշանակում է, որ փորձ է արվել հարյուր հազարավոր քաղաքացիների հաշվին ապահովել գերշահույթ։

Աբսուրդի ոլորտից է նաև սոցիալական որոշ խմբերի, մասնավորապես՝ նախկին ԽՍՀՄ հերոսներին, Հայաստանի ազգային հերոսներին, սոցիալիստական աշխատանքի հերոսներին անվճար երթևեկելու հնարավորությունը:

Միայն պոպուլիստները կարող են երևակայել, որ 27 ազգային հերոսներից /Մյուսները մահացած են/ Էդուարդո Էռնեկյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Սանամյանը, Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը և Գարեգին Պողոսյանը քաղաքային տրանսպորտով երթևեկելու կարիք ունեն։

Առավել զավեշտալի է չորս և ավելի երեխաներ ունեցող ծնողներին տրված արտոնությունը։

Առանձին երթևեկելիս ծնողները կօգտվեն արտոնությունից, իսկ ահա երեխաների հետ երթևեկելու դեպքում հարկադրված կլինեն վճարել։

Հարգելի՛ բարեկամներ

Նկատի ունենալով, որ գործող իշխանության կողմից կայացվող որոշումների հիմքում գոյություն չունի որևէ տնտեսագիտական հաշվարկ և մասնագիտական հիմնավորում,

հաշվի առնելով, որ առաջարկվող 150 ՀՀ դրամ ուղեվարձը նույնպես չունի հիմնավորում, և առանց ավագանու որոշման, ըստ էության, իշխող քաղաքական ուժը, վախենալով աճող հանրային դժգոհության աստիճանից և սեփական քաղաքական վարկանիշի գահավիժումից, փորձում է սրբագրել սեփական հերթական ձախողումը,

«Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է Երևան քաղաքի տրանսպորտի սակագնի որոշման հիմքում դնել բացառապես մասնագիտական հիմնավորում, իսկ մինչ այդ հիմնավորման ձևավորումը՝ չփոփոխել գործող սակագինը։

Բացի այդ, նկատի ունենալով, որ քաղաքային իշխանությունը ուղղակիորեն ձախողել է Երևան քաղաքի կառավարումը, պահանջում ենք Տիգրան Ավինյանի հրաժարականը՝ հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումները ձախողելու և նախընտրական շրջանում տրված խոստումները չկատարելու համար․․․

 «Արդար Հայաստան» կուսակցություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031