Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ոչ զինվորական աշխատանքային տարիների ստաժը եւս հաշվարկելու առաջարկ է եղել

Հունվար 29,2025 13:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործող օրենսդրությամբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս ոչ զինվորական աշխատանքային ստաժի տարիները չեն հաշվարկվում: Ստացվում է` եթե անձն աշխատել է 30 եւ ավելի տարիներ, ապա կենսաթոշակի հաշվարկ կատարվում է միայն զինվորական ստաժի տարիների ժամանակահատվածի համար: Քաղաքացիները դժգոհում են, որ պետությունն անտեսում է իրենց ոչ զինվորական աշխատանքային ստաժի տարիները:

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի նշանակման մեխանիզմի եւ դրա հետ կապված խնդիրների վերաբերյալ հունվարի 27-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում էր նախաձեռնել Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, վարչապետի աշխատակազմից, ուժային կառույցներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ՄԻ պաշտպանն իր տարեկան զեկույցներում պարբերաբար անդրադարձել է խնդրին: Վերջինս նախորդ տարվա նոյեմբերին դիմել էր ԱԺ-ին` կոնկրետ քաղաքացու դիմումում բարձրացված նույնաբովանդակ հարցին անդրադառնալու եւ դրա վերաբերյալ քննարկում կազմակերպելու առաջարկով: Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ քաղաքացիների ընդունելության ժամանակ հանդիպել է այդ քաղաքացու հետ, խոսել թեմայի վերաբերյալ:

«Քննարկման նպատակն է հստակեցնել գործադիրի եւ օրենսդիրի դիրքորոշումները հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ դիտարկել համակարգում գործող կարգավորումների վերանայման նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը»,- ընդգծել է պատգամավորը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ներկայացնելով կենսաթոշակային օրենսդրության հիմնական սկզբունքները, արտոնյալ կենսաթոշակի տեսակները, նշել է` եթե անձն ունի մի քանի կենսաթոշակ ստանալու հնարավորություն, ապա պետք է ընտրի դրանցից իր համար նախընտրելի տարբերակը: Փոխնախարարի խոսքով բարձրացված խնդիրը վերաբերում է միայն մինչեւ 1974 թվականը ծնվածներին:

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Եղոյանը նշել է, որ տարիներ շարունակ իրենք բողոքներ են ստացել ուժային կառույցներից: Նա ընդգծել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Հարցուպատասխանի ձեւաչափում կարծիք է հնչել, որ անհրաժեշտ է վերանայել հիմնական բազային կենսաթոշակի շեմը: Զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ոչ զինվորական աշխատանքային տարիների ստաժը եւս հաշվարկելու առաջարկ է եղել:

Ամփոփելով քննարկումը` Հերիքնազ Տիգրանյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին` շահագրգիռ քննարկում անցկացնելու համար: Ըստ հանձնաժողովի նախագահի` ներկայացված դիտարկումներն ու առաջարկը լրացուցիչ կքննարկվեն: Նշվել է, որ առաջիկայում Կառավարությունը կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է վերանայել նաեւ աշխատանքային ստաժի տարիները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031