Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը պնդում է՝ Արսեն Թորոսյանից կեղծ ցուցմունք են կորզել իր գործով

Հունվար 29,2025 13:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը: Այսօր եւս շարունակվում է  Սանասարյանի հարցաքննությունը:

Դավիթ Սանասարյանն այսօր էլ պնդեց, որ գործով անցնող մեղադրյալների հարազատները եկել են իր  մոտ ու ասել, որ նման խնդիր է դրված՝ գրեք Սանասարյանի վրա, ազատ կարձակվեք:

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ ո՞վ է կոնկրետ ասել նման բան: Սանասարյանն ասաց՝ այդ հարցին արդեն պատասխանել է, հիմա չի պատասխանի:

-Կիսատ եք տալիս ցուցմունք: Եթե տեղեկություն ունեք, մինչեւ վերջ ասեք, կամ մի ասեք: Եթե մի բան ասում եք, այդ հայտարարությունը պետք է վստահելի լինի,- ասաց նիստը նախագահող դատավորը:

Սանասարյանն էլ շարունակեց, թե մեղադրող դատախազը, եթե գործին ուշադիր ծանոթացել է, ապա կհիշի՝ ինքը նախաքննության ժամանակ էլ է  ասել, որ Սամվել Ադյանի հայրը եկել է իր մոտ, ասել է այդ տեղեկությունը, հետո հրաժարվել իր ասածից:

-Ձեր նշած հայրը ոչ միայն նախաքննության ժամանակ է հերքել  Ձեր այդ ասածը, այլեւ այս նույն դատական նիստերին էլ է հերքել,- արձագանքեց դատախազը:

-Չի պատասխանել, ոչ թե հերքել է,- ուղղեց Սանասարյանը:

Մեղադրող դատախազն էլ տվեց հաջորդ հարցը՝ մեջբերելով  Սանասարյանի այն պնդումը, որ գործով մեղադրյալները, լինելով բիզնեսմեն,  վախ են ունեցել իրենց բիզնեսների համար, այդ պատճառով են ոչ ճիշտ տեղեկություններ հայտնել: Մեղադրող դատախազը հարցրեց՝ ի վերջո ասացիք՝ այդ մարդիկ բիզնեսմեններ են, այդ դեպքում ինչո՞ւ եք տարել նրանց, մտցրել ՊՎԾ:

-Չեմ իմացել ի սկզբանե այդ մասին:  Խաչատրյան Գեւորգը մտածել եմ փորձագետ է: Այդ ժամանակ Սամվելի ու Գեւորգի անունով բիզնես գոյություն չի ունեցել: Ես որեւէ մեկին, եթե իմանայի բիզնեսմեն է, չէի տանի, իսկ թե այդ ժամանակ նրանց ընտանիքը  ՌԴ-ում բիզնես է ունեցել, այդ հանգամանքը չի խանգարել ինձ նրանց պաշտոնի նշանակելու համար,- պատասխանեց Սանասարյանը:

Հետո հավելեց, որ մեղադրյալները՝ Սամվելն ու Գեւորգը, ահագին գործ են արել, պետությանն ահագին օգուտ են տվել. «Բացասական եմ վերաբերվում, որ իրենք փորձ են արել իրենց շահը մտցնել այդ ամենի մեջ: Փաստերն են այդ մասին խոսում, ես չէ, որ պետք է ասեմ»:

Մեղադրող դատախազը շարունակեց հարցերը՝ Սամվել Ադյանն իր ցուցմունքում հայտնել է, որ դեռեւս 2018 թվականի վերջերից մասնակցել են տուբերկուլյոզի ազգային կենտրոնի կողմից հայտարարված մրցույթին, որից հետո մտել է ձեր աշխատասենյակ, եւ  այդ պահին զրուցելիս եք եղել այն ժամանակվա  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, հայտնել եք, ըստ Ադյանի ցուցմունքի, թե «Զորաշենը» մեր Սամոյի ֆիրման է, իսկ հավաստագրերը նորմալ են: Այս խոսակցությունը ի վերջո եղե՞լ է, թե՞ չի եղել:

-Այդ խոսակցությունն ուրիշ ձեւով է եղել, Արսեն Թորոսյանն ինձ զանգել է, ասել է՝ մի հատ թղթի խնդիր կա, քո տղերքից  մեկը սենց  ֆիրմա ունի, մասնակցում է, ասում եմ՝ ո՞նց, ո՞ւմ աշխատողը: Կանչեցի Սամվել Ադյանին: Հարցրեցի՝ դու կապ ունե՞ս որեւէ ձեւով, ասել է՝ չէ, ես կապ չունեմ, նույնը պատասխանել եմ Թորոսյանին: Ասաց՝ լավ իմ ձեւով կճշտեմ,- պատասխանեց Սանասարյանը:

Մեղադրող դատախազն էլ նկատեց, որ այս նույն բովանդակության ցուցմունք է տվել նաեւ Արսեն Թորոսյանը ու հարցրեց՝ ինչո՞վ կպայմանավորի նրանց ցուցմունքի լրիվ նույնությունը:

-Ուզո՞ւմ եք քաղաքական հայտարարությո՞ւն անեմ, չեմ անի:  Արսեն Թորոսյանն էլ շատ քրեական գործերով անցնում է, դա գիտեք՝ ոնց են կազմակերպում,- արձագանքեց Սանասարյանը:

-Այսինքն՝ պնդում եք, որ Արսեն Թորոսյանից սուտ ցուցմո՞ւնք են կորզել, – հետաքրքրվեց նիստը նախագահող դատավորը:

-Այո՛,- պատասխանեց Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել է իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031