2025թ. հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դադարեցված լիազորությունների գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել:
ՄԻԵԴ-ը կասկածի տակ է առել Սուրեն Անտոնյանի գործով Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահի անաչառությունը եւ նշել, որ գործընկերային եւ անձնական կապերին վերաբերող փաստերը վկայում են Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է «մասնագիտական հարաբերությունների» շրջանակից, հետեւաբար, կարող էին կասկածներ առաջանալ Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ, ինչը նշանակում է, որ խախտվել են դատավորի իրավունքները, եւ նրա լիազորությունների դադարեցումը եղել է օրենքի խախտմամբ:
Անտոնյանի հետ կապված ՄԻԵԴ որոշումից հետո որոշ փաստաբաններ անգամ կարծիք են հայտնել, որ Կարեն Անդրեասյանը պետք է ենթարկվի քրեական հետապնդման: «Հրապարակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը. «Եթե նոր քննություն կատարվի, եւ պարզվի, որ այդ ամենը միտումնավոր է կատարվել` միանշանակ: Ընդ որում, ոչ միայն Անդրեասյանի, այլ նաեւ Մինասյանի համար դա կարող է քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ, որովհետեւ առնվազն պաշտոնեական դիրքի չարաշահում է, եթե ավելի լուրջ հոդվածներ չմատնանշվեն, որ շահագրգռվածություն է եղել, ինչ շահագրգռվածություն է եղել․․․․։ Այդ ամենը կարող է լինել քննությունից հետո, իսկ քննություն կլինի, թե չէ, այդտեղ, ցավոք սրտի, լինելու է քաղաքական որոշում»:
– Ստացվում է, որ այս որոշումը «կանաչ լույս» է վառում այդ դատավորների համար, որոնց նկատմամբ նույնաբովանդակ որոշումներ են կայացվել՝ Մինասյան-Անդրեասյան զույգի ձեռքով։
Կարդացեք նաև
– Բոլոր այն դատավորների վերաբերյալ գործերն են, որոնց վերաբերյալ այս տանդեմը վարույթ է հարուցել, եւ լիազորությունները դադարեցվել են, կամ ոչ այդ ելքով վարույթներ են եղել։ Այս տանդեմի՝ նրա հարուցած եւ քննած գործերը չեն կարող լինել օրինական: Ցանկացած որոշում, որը կայացվել է այս տանդեմի մասնակցությամբ, առնվազն կասկածի տակ է դրվում։
– Կարեն Անդրեասյանի հետ պատասխանատվությունը կիսո՞ւմ են ԲԴԽ անդամները, որոնք քվեարկել են դատավորների լիազորությունները դադարեցնելուն կողմ։
– Բոլորի մասին է խոսքը գնում։ Այն մարդիկ են, որոնք ուղղակի պետք է հանեին վարույթից Անդրեասյանին՝ ասելով, որ դու իրավունք չունես գործը քննել, դո՛ւ, քանի որ ինքնուրույն ինքնաբացարկ չես հայտնում, հետեւաբար, մենք քեզ ստիպում ենք ինքնաբացարկ հայտնել։ Չկա այստեղ մեկ ԲԴԽ անդամ, որի մեղքն ավելի քիչ է, քան Անդրեասյանինը, հավասարության նշան է պետք դնել այս ամեն ինչի մեջ։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: