«Առավոտի» հարցերին պատասխանում է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը:
-Պարոն Ավագյան արդեն մի քանի անգամ է՝ ոսկու շուկայի ՓՄՁ–ները բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի առաջ։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց պահանջներն ու կառավարության արձագանքը:
-Ցավոք սրտի, սա այն է, ինչ կանխատեսվում էր։ Պահանջում են վերանայել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության վատթարացնող նորմերը։ Սա արդյունք է այն բանի, որ վերջին տարիներին մեր երկրում ընդունվում են որոշումներ, առանց խորը վերլուծությունների, առանց հետևանքները կշռադատելու և ազդեցության գնահատում իրականացնելու։ Ցավալին այն է, որ նման լավ չմտածված որոշումներ արդեն ընդունվում են ավելի մեծ շահառուներ ունեցող թիրախային խմբերի համար՝ ՓՄՁ-ների (այս վատթարացնող նորմերը, որոնք ընդունվել էին անցած տարի հունիսին՝ վերաբերում են ոչ միայն ոսկու շուկայի տնտեսավարողներին, այլ մոտ 50 հազարից ավելի գերփոքր բիզնեսներին), ՀՀ քաղաքացի և ռեզիդենտներին վերաբերվող ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը և այլն։
Իմ տեղեկություններով, ոսկու շուկաների մեր ՓՄՁ-ների հետ դեռևս ոչ մի էական արդյունք տվող երկխոսություն չի եղել։ Բողոքի ակցիա անողների հետ երկու անգամ հանդիպել է կառավարության դիմումների վարչության պատասխանատուն, մեկ անգամ մի փոքր խմբի հետ իր մոտ քննարկում է կազմակերպել էկոնոմիկայի նախարարի տեղակալը, մեկ անգամ էլ մենք ենք մեր ՓՄՁ ասոցիացիայով մոտ 2 ժամանոց քննարկում կազմակերպել ԱԺ տնտեսական հանձնաժողովի պատգամավորների և ոսկու շուկաների և այլ ոլորտների ՓՄՁ ներկայացուցիչների հետ։ Այս պահին մենք խնդիր ունենք նաև առողջ երկխոսություն ունենալու հարցում հենց քաղաքական որոշում ընդունողների հետ։ Մյուս բոլոր պաշտոնյաները պարզապես փորձում են ցույց տալ, որ լսել են և կտեղեկացնեն ավելի վերև։
Կարդացեք նաև
Վերջին անգամ դուք ե՞րբ եք տեսել, որ կառավարության ղեկավարը հանդիպի ՓՄՁ շահերը ներկայացնող միությունների հետ:
-Չենք մտաբերում:
-Կարող եք նայել վարչապետի պաշտոնական կայքում, այդ հանդիպումը եղել է մեր առաջարկով 2018թ-ի ամռանը, երբ առաջարկում էինք վերականգնել նախկինում գործող վարչապետին կից ՓՄՁ խորհուրդը։ Դրանից հետո նման ինստիտուցիոնալ հանդիպում չի եղել։
-Մյուս ոլորտի ՓՄՁ-ների մոտ ևս առկա՞ են դժգոհություններ, եթե այո, ապա նրանք ինչո՞ւ չեն միանում բողոքի ցույց անողներին։
-Իհարկե, կան դժգոհություններ և դրանք օբյեկտիվ են և հիմնավորված։ Կարծում եմ՝ մյուս խմբերն էլ կսկսեն իրենց բողոքները՝ արդեն առաջին եռամսյակի հաշվետվությունները, բարձր հարկերը, տուգանքները ստանալուց հետո, բայց դա ինչպես կարտահայտվի՝ չեմ կարող ասել՝ փողոցային ակցիաներ, պարզապես դեմարշ անելով իրենց գործողություններով, չգիտեմ։
-Բայց կարծես թե Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման հարցով վարչապետն անձամբ է զբաղվում, իր փորձով լրացնում հայտարարագիրը, զիջումներ արեցին երեք հարյուր հազարը չլրացնելու մասով, էլեկտրոնային ստորագրության վճարները չգանձելու հարցերով։ Պարբերաբար ներկայացնում է դրա օգուտները՝ ուսման վարձերի վերադարձերը։ Սա է՞լ եք համարում, որ երկխոսություն չկա։
-Նախ` սկսենք նրանից, թե ինչու է վարչապետը այս տարի և հիմա առաջին անգամ լրացնում իր հայտարարագիրը։ Կարծում եմ իրենց իսկ ընդունած կարգավորումներով, որպես հանրային ծառայող՝ եթե իրենք այլ կերպ չմեկնաբանեն օրենքները, որ հարմար լինի վերադասին, ըստ օրենքի պետական պաշտոն զբաղեցնողները՝ այդ թվում քաղաքական պաշտոն զբաղեցնողները, արդեն պետք է հայտարարագիր ներկայացնեին 2023թ-ի համար 2024թ-ի մայիսի 1-ը։ Նշանակում է ՊԵԿ-ն արդեն պետք է տուգաներ վարչապետին, եթե ոչ, ապա ինչո՞ւ է հիմա լրացնում հայտարարագիրը, իմիտացիա անելով, որ այդքան բարձրաստիճան պաշտոնյաներով նստած օգտվողի անունից թեստավորում են անում համակարգը։
Երկրորդը, ես բարձրաձայնել եմ այդ հարցը, բայց դեռ պատասխան չունեմ, թե ինչպես է ՊԵԿ նախագահը որոշել, որ մինչև 300 հազար դրամ եկամուտները չպետք է հայտարարագրեն։ Դրա իրավասությունը սկզբում պետք է տրվի հենց հարկային օրենսգրքով, որով կլիազորվեր ՊԵԿ նախագահին ինչ որ սահմանաչափեր սահմանել՝ այս պահին չկա օրենքով նման փոփոխություն։ Հիմա, արդեն հանրային հայտարարություններից հետո տեսնում ենք տարբեր պարզաբանումներ նույն ՊԵԿ-ի կողմից, որ այդ չափը վերաբերվում է չհարկվող եկամուտներին, հայտարարագրի լրացման կարգին և այլն։ Նույն վիճակն է էլեկտրոնային ստորագրությունների Ձեր ասած անվճար տրամադրելուն, դա էլ հայտարարել են, բայց դեռ ինչ իրավական կարգավորումներ են տվել հայտնի չէ։
Մյուս հարցերում ևս, այն տեսքով որով իրենք ընդունել են օրենքը, այդքան ել պարզ և հեշտ չէ ապացուցել նվիրատվություններն ու չհարկվող եկամուտները, ուսման վարձը կամ առողջապահական ծախսը՝ դրանք բոլորը պետք է խիստ օրենքով փաստաթղթավորվեն և այլն։
-Այսինքն՝ այս վերջին նշված «զիջումները» դեռ խնդրահարո՞ւյց են։
-Հասկանում եք, մենք գործ ունենք մեծ անպատասխանատվության հետ։ Երբ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն այլևս հաշվետու չեն իրենց ասածների, իրենց հայտարարությունների, ընդունած որոշումների և դրանց հետևանքների համար։
Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես կարելի է անլուրջ վերաբերվել նման մեծ շահառուներ ունեցող խմբին՝ մոտ 800 հազար մարդ, ու դրա անունը դնել ռեֆորմ։ Մինչև այս օրենքն ընդունելը՝ 2022թ-ին, հանրային լսումներ կազմակերպվեց Ազգային ժողովում։ Մեր երկրում հարգանք վայելող տարբեր փորձագետներ, տնտեսագետներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ բազմաթիվ օրինակներ բերեցին աշխարհի փորձից ու ձախողումներից, տեխնիկական պատրաստվածությունից սկսած՝ մինչև այն, որ ինչ է լինելու այս տեսքով նման ռեֆորմ ընդունելու դեպքում։ Բայց ապարդյուն, մենք այլևս ամեն ինչ գիտենք, ամեն ինչ ճիշտ ենք անում, լսելու և քննադատության կարիք չկա։
Արդյունքում մենք նորից ականատեսն ենք վատ մտածված, չթեստավորված որոշումների, որոնք ուժի մեջ են մտնում, հետո իրական ընդվզում ենք տեսնում, դրանից հետո փոխարենը ետ քայլ անենք, գնանք ավելի լավ մտածենք՝ նոր գանք, հակառակը՝ սկսում ենք կարկատաններ անել, ավելի խճճելով ամեն ինչ։
Աշոտ ՍՏԵՓԱՆՅԱՆ