Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվարաթղթից պատրաստած մակետն իրական չէ

Հունվար 29,2025 10:00

Ի՞նչ էր պետք վերջին 4 տարում Փաշինյանին պաշտպանելու համար: Բավականին քիչ բան. ամեն օր գնալ որեւէ եթեր, ասել՝ «Պուտլեր սրիկա» կամ՝ «Բայդենը (Թրամփը) խստորեն զգուշացրել է Ալիեւին՝ «հանկարծ իմ սիրելի Հայաստանին ձեռք չտաս», եւ այսուհետ Ալիեւը չի համարձակվի»: Այսքանը՝ արեւմտյան դրամաշնորհն ու իշխանության սերն ապահովված են: Դա վատ է, մասնավորապես, նրանով, որ հասարակության վզին փաթաթվում է քաղաքական մտածողության շրիշակից ցածր մակարդակ, եւ միաբջիջ ուղեղները դարձնում է «կեսբջջանոց»:

Այդ ամենօրյա «ներարկումներն» այսօր, իհարկե, շարունակվում են: Բայց դրամաշնորհները, որքան հասկանում եմ, հիմա կրճատվելու են, «Պուտլերի» մասին խոսակցություններն էլ աստիճանաբար դառնում են բավականին միապաղաղ: Այլընտրանքն «իրական Հայաստանի» մասին առասպելն է:

Եթե մենք ուրվագծում ենք ինչ-որ գաղափար, մանավանդ՝ «իրական» մակդիրով, ապա այն պետք է ունենա որոշակի բովանդակություն: Վերջերս մի տեղ կարդացի այսպիսի մի համեմատություն. ռինգը տարածքի քառանկյուն ձեւով առանձնացնող ճոպանները չեն՝ այն մրցամարտի վայր է դառնում միայն այն ժամանակ, երբ առանձնացված տարածքում բռնցքամարտիկները հարվածներ են փոխանակում:

Ճիշտ նույնպես էլ կարող ենք ասել, որ ստվարաթղթից պատրաստած մակետը դեռեւս իրական Հայաստան չէ, իրական են այստեղ ապրող մարդիկ եւ նրանց հարաբերությունները: Այդ թվում 150 հազար արցախցիները, որոնց հանդեպ Հայաստանի իշխանությունն ատելություն է հրահրում՝ «պահեիք ձեր հողը, ինչո՞ւ եկաք» ցինիկ, անմարդային բանաձեւով: Իրական են 50 կամ 60 հազար դրամ ստացող թոշակառուները, հարկերի տակ սնանկացող մանր բիզնեսով զբաղվող մարդիկ: Նույնքան իրական են 6 տարում միլիոնատեր դարձած ՔՊ-ականները, ինչպես նաեւ իշխանությանը քծնողները ու նրա քարոզիչները:

Ըստ վերջիններիս՝ հանճարեղ Փաշինյանը զբաղված է պետություն կառուցելով, բայց նրան խանգարում են չարամիտ ազգայնականները, ռեւանշիստները եւ ռուսական կայսրության արժեքներով ապրող հետադիմականները: Դա ոչ այլ ինչ է, քան իրական (առանց չակերտների) Հայաստանի խնդիրներից շեղելը:

Եթե ես արձանագրում եմ, որ Փաշինյանի օրոք հայկական Արցախը վերացավ, արդյո՞ք ես ռեւանշիստ եմ եւ կայսրապաշտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031