Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք վերցրել եք մեր՝ Բաքու այցի մասին մամուլի հաղորդագրությունից մի կարճ հատված»․ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Արմեն Գևորգյանի՝ Ադրբեջանի մասին գնահատականների առիթով դիտարկման մասին

Հունվար 28,2025 20:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դուք վերցրել եք մեր՝ Բաքու այցի մասին մամուլի հաղորդագրությունից մի կարճ հատված։ Ուստի հիմա ուզում եմ մի քանի բան ասել Ադրբեջան այցի մասին»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Գևորգյանի հարցին այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Նշենք, որ հղում կատարելով պաշտոնական հաղորդագրությանը՝ կապված Ալեն Բերսեի՝ COP26-ի շրջանակում Բաքու այցին, Արմեն Գևորգյանը նշեց․ «Անցյալ տարի նոյեմբերին Բաքվում Ձեր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության համաձայն Դուք «ընդգծել եք Ադրբեջանի կարևոր ներդրումը միջկրոնական և միջմշակութային երկխոսության հարցում։ Եթե սա Ձեր անկեղծ գնահատականն է, այն կարող է ընկալվել՝ որպես Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին ուղղված քաջալերանք և շարունակելու հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը։ Այս մասին ի՞նչ կարող եք ասել Արցախում իրականացված ցեղասպանության զոհերի հարազատներին»։

ԵԽ գլխավոր քարտուղարը պարզաբանեց, որ Արմեն Գևորգյանի մեջբերած հատվածը նվիրված էր այն փաստին, որ ԵԽ-ն հրավիրվել էր միջազգային, միջկրոնական համաժողովին COP26-ի շրջանակներում․ «Այս տեսանկյունից հասկանում եմ Ձեր դիտարկումը, միգուցե այլ ձևակերպում պետք է տայինք, բայց իրականում դա կենտրոնացած էր հենց այս բաղադրիչի վրա, որը նշեցի։ Ուզում եմ նշել, որ դա կարևոր հնարավորություն էր այցելելու Բաքու անցյալ տարի։

Լավատեղյակ եմ բոլոր այն դժվարություններին, որոնք մենք ունենք Ադրբեջանի հետ կապված։ Ինձ համար կարևոր է տեսնել, որ ինչ-որ բան տեղից շարժվում է։ Նկատի չունեմ այն, որ ունենալ շարժում շարժման համար։ Մեզ համար կարևոր է, որ իրականացվեն ՄԻԵԴ որոշումները։ Կարևոր է նաև Ադրբեջանի կողմից 2022-2025թթ․ գործողությունների ծրագրի իրականացումը, ինչն այս պահին դադարեցված է, դա նաև կապված է մոնիտորինգային գործողությունների և ԵԽԽՎ հանձնաժողովների հետ համագործակցության հետ։ Դրա համար էլ մենք Բաքվում հանդիպել ենք»։

ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բաքու այցից առաջ և հետո կապի մեջ է եղել, նա նաև վստահեցրեց՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ է այն աջակցության մասին, որը Հայաստանին տրամադրվում է այս իրավիճակում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031