Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դեմոկրատիան չարիք է Հայաստանի նման երկրի համար։
«Պիտի լինի ոչ թե դեմոկրատական իշխանություն, այլ մերիտոկրատական իշխանություն, ոչ թե մի խաժամուժ պիտի գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն, այլ կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի։
Եվ այս կուսակցականացումը պիտի վերացվի այս երկրից, այսինքն կուսակցություններ կարող են մնալ, ես չեմ ասում կուսակցությունները պիտի արգելվեն, թող մնան, բայց այնքան պարապ մնան, որ հասկանանք՝ ավելորդ են։
Կուսակցականացումը պետական իշխանության ու կառավարության ձևավորման, պիտի իսպառ վերացվի, անհատները պիտի ի հայտ գան ու երևա, թե ամեն մեկը ինչ կարող է անել, այլապես կուսակցականացած սկզբունքով կլինի սա, ինչ-որ եղել է։
Կարդացեք նաև
Անգրագետ, դիլետանտ մարդիկ գալիս են, ինչ-որ ասպարեզներ են ղեկավարում՝ դրանից ոչինչ չհասկանալով, այլ ընդամենն այդ պարարտ ժամանակն օգտագործելով սեփական բարիքի համար։
30 տարին բավարար չէ՞ հասկանալու համար, որ դեմոկրատական իշխանություն մենք չենք կարող ձևավորել կամ դեմոկրատական իշխանությունը միայն չարիք է, սա պարզ է, այդքանը պիտի հասկանանք, չենք ուզում հասկանալ։
Կպել ենք այդ դեմոկրատիային՝ իբրև գերագույն բարիք և գերագույն բարիքի միջոցով վարի են տալիս պետությունը և պետականությունը, ինչ է թե դեմոկրատիան մնա, է՜հ, թող մնա։
Եկեղեցում որ դեմոկրատիա չկա, ոնց ենք ապրել 1700 տարի, եկեղեցում էլ մտցրեք դեմոկրատիա, եկեղեցին էլ կքանդվի։ Պատկերացրեք չորս տարին մեկ քահանաները հավաքվեն, առաջնորդ ընտրեն, կքանդվի, կվերջանա։ Կամ հինգ տարին մեկ Վեհափառ ընտրենք, եկեղեցի չի մնա, ինչպես չի մնացել բողոքական եկեղեցիներում, որոնք այդ դեմոկրատիկ սկզբունքով են։
Դեմոկրատիան դարձրել եք գերագույն բարիք, այնինչ այն գերագույն չարիք է, մանավանդ այսպիսի երկրների ու ազգերի համար, որոնք այդ դեմոկրատական արժեքների համար այդ հասունությունը չունեն։
Դեմոսը գիտակից քաղաքացին է, երբ որ դուք մեր հասարակությունը վերածել եք օխլոսի՝ անգիտակից հասարակության, անգիտակից հասարակության ընտրությունն ինչ պետք է լինի, իր նման անգիտակիցներին պետք է բերի իշխանության, որոնք անգիտակից պիտի վերաբերեն երկրին ու պետականությանը։
Մեր երկրում իշխում է օխլոկրատիան, ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք, ասենք ներողություն, մի պարզ օրինակ բերեմ՝ 95 տարեկան մարդը, որը գիտակից չէ, գիտակցությունը կորցրած է, զառամախտի մեջ է, այդ խեղճ մարդու ընտրությունն ի՞նչ պետք է լինի։
Սա ամենապարզ օրինակն է, իսկ այն անգիտակից մասսան, որը 4 գիրք չի կարդացել, ընդհանրապես իրեն ոչինչ չի հետաքրքրում, նրան ընտրության թողնելը ո՞րն է։
Հիմա կասեն Սրբազանն այս ինչ հակադեմոկրատական բան է ասում, ես չեմ հավատում դեմոկրատիային, դեմոկրատական ազատությունը ինձ թույլ է տալիս չհավատալու դեմոկրատիային։ Չեմ հավատում, և դեմոկրատիան վարի տվեց այս երկիրը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Շիրակի թեմի
Շատ համամիտ եմ Սրբազանի հետ, վերջապես իմ սրտից խոսք հնչեց 👏👏
այո ճիշտ է զրբազանը, պետք է նաև ինկվիզիցիա ներդնել վառել խարույկի վրա․․․․ այ սա է տեղի ունենում երբ մարդու իրավունքներից անտեղյակ կղերը մտնում է ասպարեզ, որ ոչ մեկ էլ չխոսի նման “սրբերը” հերիք են եկեղեցին վարկաբեկելու համար