Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմ իր տարակուսանքն է հայտնել ադրբեջանական մամուլում հակառուսական ուղղվածության հրապարակումների առթիվ

Հունվար 28,2025 19:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում լարվածությունը պահպանվում է։ Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։ Նրան ընդունել է ռուսական դիվանագիտական գերատեսչությունում հետխորհրդային տարածքի հետ կապերը համակարգող փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսական կողմ իր տարակուսանքն է հայտնել ադրբեջանական մամուլում հակառուսական ուղղվածության հրապարակումների ի հայտ գալու, ինչպես նաև Բաքվում գործող «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առթիվ։ Ընդգծվել է, որ հնչեցված մեղադրանքները բացարձակապես անհիմն են», – նշված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարությունում։

Ռուսական կողմի դժգոհության գլխավոր առիթն ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ գտնվող Baku TV հեռուստաընկերության կողմից օրերս պատրաստված ռեպորտաժն էր։ Դրանում ադրբեջանցի լրագրողուհին պնդում էր, թե ռուսական մշակույթի տարածմամբ զբաղվող «Ռուսական տունն» իրականում լրտեսների որջ է։

«Ռուսական տունը» վերածվել է գործակալների տան։ Վստահելի աղբյուրները պնդում են, որ չարաշահելով ադրբեջանական պետության հանդուրժողականությունը, այս կառույցը փորձում է Ադրբեջանում ազգամիջյան և կրոնական խժդժություններ հրահրել, ինչպես նաև անջատականության գաղափարներ տարածել։ Բացի այդ, ենթադրություններ կան, որ «Ռուսական տունը» գործում է հետախուզական շահերից ելնելով, ինչը հակասում է կազմակերպության մշակութային առաքելությանը», – նշում էր Baku TV-ի լրագրողը։

Ադրբեջանական իշխանամետ մամուլի այս հրապարակմանը հաջորդեց արտերկրում գործող ռուսական մշակութային կենտրոնների աշխատանքը համակարգող “Россотрудничество”-ի ղեկավար Եվգենի Պրիմակով-կրտսերի հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են դատի տալ Baku TV-ին։

«Որքան տեղյակ եմ, Baku TV-ն ֆինանսավորվում է պետության կողմից։ Այնպես որ, մենք ցանկանում ենք դատարանում պետական ֆինանսավորում ունեցող ադրբեջանական այս լրատվամիջոցից կամ անհերքելի ապացույցներ լսել, կամ էլ հերքում և ներողություն», – նշում էր Պրիմակովը։

Անցնող օրերին Ռուսաստանի դեմ ուղղված հրապարակումներով աչքի ընկավ ոչ միայն Baku TV-ն, այլև Ադրբեջանի իշխող կուսակցության՝ Yeni Azerbaycan-ի համանուն պաշտոնաթերթը։ Պարբերականը որոշել էր վերհիշել ավելի քան տասնամյա իրադարձությունները՝ 2013-ի նախագահական ընտրությունները, պնդելով, թե դրանց շեմին ընդդիմադիրներին միավորող Ազգային խորհուրդն իբր նամակ էր գրել Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով նրան աջակցել իշխանափոխություն իրականացնելու հարցում։ Օժանդակության դիմաց ընդդիմադիրներն իբր խոստացել են «ցանկացած հարցով գնալ ցանկացած զիջման և ռուսական կողմի առջև ստանձնել ցանկացած պարտավորություն»։

Ազգային խորհրդի ղեկավար, 2013-ին ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրված պատմաբան Ջամիլ Հասանլին այս հրապարակումը ծայրից ծայր մտացածին է որակում։

«Ստեղծման պահից Ազգային խորհուրդը Պուտինի քաղաքականությանն իր հակազդեցության մեջ անսասան էր։ Մեր դավանած առանցքային գաղափարը եվրաինտեգրումն էր։ Այնպես որ, Ազգային խորհրդին վերագրվող այս նամակը կեղծիք է։ Դրա նպատակն է Արևմուտքին համոզել, թե ռուսամետը ոչ թե Իլհամ Ալիևն է, այլ ադրբեջանական ընդդիմությունը», – նշում էր Հասանլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031