Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանը՝ մերժելով գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի զբաղեցրած տարածքի կասկածելի սեփականաշնորհման պատմությունը սկսվել է 1995 թ․-ից։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ, ներկայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող տարածքը 5655 ԱՄՆ դոլարով վաճառվել էր իշխանական Խաչատուր Սուքիասյանի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի ղեկավարած կազմակերպությանը։ Տարածքում պետք է հայ նկարիչների նկարների վաճառատուն կառուցվեր։ Սեփականաշնորհումից և կառուցապատումից հետո տարածքը Սուքիասյանները օգտագործում են բիզնես նպատակով։
«Հետքի» հրապարակման հիման վրա հարուցված քրեական վարույթից հետո` 2022 թ.-ից, Դատախազությունը վարչական և հակակոռուպցիոն դատարաններում պահանջում էր անվավեր ճանաչել տասնամյակներ առաջ կնքված պայմանագրերը և «Սիլ պլազայի» տարածքը վերադարձնել պետությանը։ Դատախազությունը պարզել էր, որ հողատարածքը «օգտագործման իրավունքով» 1995 թ.-ին Ալբերտ Սուքիասյանի կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշումից հետո որոշում չի կայացվել այն սեփականության իրավունքով վաճառելու մասին։ Հետևաբար սեփականաշնորհումն ապօրինի է եղել։
«Սիլ պլազայի» սեփականատեր «Գռզո պլազա» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, Հակակոռուպցիոն դատարանում իր դիրքորոշումը ներկայացնելիս, դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դատախազությունը բաց է թողել դատարան դիմելու 1 տարվա ժամկետը, քանի որ պետության ենթադրյալ խախտված իրավունքի մասին Դատախազությունն իմացել է 2022 թ.-ին։
Կարդացեք նաև
Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը որոշել է․ «Դատարանը, առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը, հայցային վաղեմության միջնորդության քննության շրջանակներում ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ Պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, ենթակա է բավարարման, և այդ հիմքով հայցը ենթակա է մերժման․․․»։ Այս դատական ակտը կայացվել է 2025 թ․-ի հունվարի 10-ին և կարող է բողոքարկվել վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։ Վճիռը չբողոքարկվելու դեպքում այն կմտնի օրինական ուժի մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում