Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ փորձել են պոկել հազարամյակների այն արմատներից, որոնք կենսական են սեփական հողում ամուր կանգնելու և ժամանակների հոսանքներին դիմակայելու համար. Վիգեն Սարգսյանը հիշեցրել է 2018թ.-ի իր ելույթը

Հունվար 28,2025 17:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է 2018թ.-ի իր ելույթը

Անհատին, հասարակությանը և ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու ամենակարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահության, կասկածանքի սերմանումը և իր գաղափարական հենքից, արմատներից, ինքնության ճանաչումից և գիտակցումից կտրելը:

Մեզ երկար ժամանակ ներշնչել են, որ տառապյալների, հայրենազրկվածների, կոտորածներից մազապուրծ եղածների ժառանգներ ենք՝ մոռացության տալով մեր փառավոր հաղթանակների պատմությունը: Մեզ փորձել են պոկել հազարամյակների այն արմատներից, որոնք կենսական են սեփական հողում ամուր կանգնելու և ժամանակների հոսանքներին դիմակայելու համար:

Այնինչ մեր նորագույն պատմությունն այլ բան է հուշում: 1918-ից ի վեր մենք ապրել ենք հաղթանակների դարաշրջան: Այդ հաղթանակներն են հնարավորություն տվել մեզ վերագտնելու մեր ինքնությունը, վերադարձնելու աշխարհով սփռված մեր ժառանգության մի զգալի մասը՝ առաջին հերթին ի դեմս հայրենադարձած մեր քույրերի և եղբայրների, որ հնարավոր դարձրին մերօրյա Հայաստանում համադրելու մեր հայրենիքի արևելյան և արևմտյան հատվածների ավանդույթները, հիշողությունները, համն ու հոտը: Այդ հաղթանակների շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր հոգևոր արժեքները, Մայր Աթոռը, ունենալ Երևանի պետական համալսարան, Մատենադարան, Գիտությունների ազգային ակադեմիա: Դրանց շնորհիվ վեր խոյացան հայրենի գիտությունն ու արդյունաբերությունը, նորովի վերածնվեց միջնադարյան հայկական ճարտարապետությունը, ծաղկում ապրեցին մեր դպրությունը, մշակույթը, արվեստները և սպորտը:
Վերջին 100 տարվա համաշխարհային առաջընթացում չեղավ որևէ ոլորտ, որտեղ մեր ժողովրդի զավակները չունենային իրենց նշանակալի, ներկայացվածությունն ու ներդրումը: Եվ դա մեր հաղթանակների արդյունքն էր:

Սարդարապատից Մեծ Հայրենական պատերազմ և մինչև Արցախյան հերոսամարտ մենք բազում առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր բանակի հզորությամբ, մեր պապերի, հայրերի և եղբայրների սխրանքով, մեր ժողովրդի համախմբվածությամբ և միասնականությամբ, մեր հերոսներով` ամենահայտնի մարշալներից մինչև անհայտ զինվոր:

Փառք մեր հերոսների հիշատակին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ: Հարգենք Հայոց բանակի բոլոր ժամանակների հերոսների հիշատակը հոտնկայս ծափահարություններով:

Հայոց Բանակի օրվա ելույթից
28 հունվարի 2018թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031