«Մեզ համար Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է, եւ այն, ինչը հայրենիքն է, քո սրբությունն է, որեւէ գնով վաճառքի ենթակա չէ։ Եվ պատահական չէ, որ Լուկաշենկոն մի քանի անգամ իր խոսքում նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է 6 մլրդ՝ Ադրբեջանին նախագահին փոխանցելու համար»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին։
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այն մոտեցումներն ու դիրքորոշումները, որոնք ունեցել է Սերժ Սարգսյանը երկրի պաշտպանության կամ բանակցային գործընթացի մասին, նույն բանը հնչեցրել է եւ 10, եւ 20 տարի առաջ։ Իսկ այսօրվա իշխանությունները, Աբրահամյանի խոսքով, խոստովանում են, որ ստել են, հասարակությանը ճիշտը չեն ասել։ «Իսկ Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումներում եղել է անփոփոխ, այն, ինչ դրվել է իր ասածի եւ արածի հիմքում, մշտապես առաջնորդվել է այդ ուղիով»,- հավելեց նա։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ մեր երկրում արմատական քաղաքական փոփոխությունների պայմաններում հնարավոր է դեռեւս բեկում մտցնել ու Զինված ուժերի հաղթական ուղին վերադարձնել իր բնականոն հունին։ «Ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ ամեն ինչ ավարտված է, բանակի ռեսուրսն ու պոտենցիալը փոշիացված է։ Իմ կոչն է, որ մեր հասարակությունը որեւէ պայմաններում չհիասթափվի, չհանձնվի, որովհետեւ նաեւ մեր ներքին ու արտաքին թշնամիների խնդիրն է բարոյալքել ոչ միան Զինված ուժերը, այլ նաեւ հասարակությանը, որպեսզի հնարավորություն չունենանք ոտքի կանգնել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ