Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պարտությունը, Արցախի հանձնումը քաղաքական որոշման արդյունք էր. Բագրատ սրբազան

Հունվար 28,2025 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք կորուստների ճանապարհով ենք անցել եւ շարունակում ենք անցնել, պարտությունների շղթան չի դադարել… անկախ ամեն ինչից՝ մեր ընթացքը շարունակվելու է, որովհետեւ ուզում ենք դադարեցնել այս պարտության ընթացքը: Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետեւ ուզում ենք վերականգնել մեր տունը, վերականգնել մեր պատիվը, ուրախությունն այնպես, ինչպես ապրել ենք՝ մեր զինվորականներով, մեր սպաներով ու զինվորներով, կամքով, պատվով: Ոչ վաղ անցյալում էր, երբ այս դահլիճները դատարկ էին, բայց լեցուն էին հրապարակները՝ մեր զինվորներով, մեր շքերթներով, բազկի հզորությամբ, մեր զինվորներով:  Այսօր ստիպված ենք հավաքվել դահլիճներում, բայց պետք է վերադառնանք նորից այդ հրապարակները: Մեր մաղթանքը մեկն է՝ 2025 թվականը ո՛չ մեր բանակը,  ո՛չ մեր պետությունը չմնա առանց գլխավոր հրամանատարության»,-այսօր նախկին զինվորականների եւ պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը:

Նրա խոսքով՝ մեր պարտությունը, Արցախի հանձնումը քաղաքական որոշման արդյունք էր. «Մեր պարտությունների շարքը տեղի է  ունեցել ու տեղի է ունենում գլխավոր հրամանատարության բացակայության պատճառով: Մեր ազատագրած երկիրը կրկին նվաճվեց թշնամու կողմից, անզորության զգացումով ՀՀ-ում բանակը չկարողացավ համապատասխան արձագանքը տալ, ինչպես տվել է  ժամանակին, չկարողացավ պաշտպանել իր իսկ ժողովրդի իրավունքները: Մեր պարտությունը քաղաքական պարտություն է, քաղաքական որոշման արդյունք է»:

Անդրադառնալով Հայոց բանակի 33- ամյակին՝ Բագրատ սրբազանը նկատեց, որ խորհրդանշական օր է հունվարի 28-ը մեզ համար.  «Մեր վերածննդի օրն է, մեր բանակը մի մեծ ընտանիք է՝ մեր զավակներով ու եղբայրներով, որոնք հանձն են առել սպայական աստիճան ունենալ, զինվորություն անել ու պաշտպանել մեզ, մեր պետությունն ու մեր պատիվը: Այդ վերածնունդն ու կենսագրությունը մեզնից գողացված է, ու  դարձյալ կանգնած ենք ազատագրական պայքարի առաջ: Ինչպես սրանից 33 տարի առաջ էր, երբ  առանց որեւէ  մասնագիտական, զինվորական հմտություններ ունենալու մեր մշակները, բանվորները, գյուղացիները, մտավորականները, մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտից  հերոսական մարդիկ ուխտ կնքեցին ու հանձն առան ազատագրել մեր երկիրը,  այսօր ցավալիորեն նույն խորհրդի ու իրականության մեջ ենք: Ես հանձն եմ առել այդ ազատագրության մեջ մնալ առանց հավակնությունների, ինքնազատագրվելու առաջին հերթին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031