«Ընդհանրապես դիվանագիտություն չկա, այն դիվանագիտությունը, ինչ որ անում են, որեւէ աղերս չունի իրականության հետ կամ գետնի վրա ինչ է կատարվում: Դիվանագիտությունը երկկողմ խնդիրներ է հետապնդում, դուք երկկողմ տեսնո՞ւմ եք այսօր: Այստեղ կա միակողմանիություն, զիջում, անընդհատ զիջում, ու այդ զիջումների շղթան կարծես թե ավարտ էլ չունի, որովհետեւ մշտական ականատեսն ենք այդ ամեն ինչի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դիտարկումներին , թե «Էսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսելով չի, էսօր բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, նորմալ ընթանում են, էսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ էս ընթացքն անցնի»:
Վահագն Մելիքյանի խոսքով՝ երբ մեկ-երկու զիջում ես, անընդհատ պետք է զիջես. «Եթե ի սկզբանե չես կարողացել կանգնեցնել, չես կարողացել կասեցնել, չես կարողացել քո պայմանները կամ նախապայմանները դնել սեղանին, այդտեղ դիվանագիտություն չկա: Այդ շոուները թող պահեն իրենց համար, Սասուն Միքայելյանն էլ թող մտածի այն գործերի մասին, ինչով զբաղվում է: Դիվանագիտությունն ու Սասուն Միքայելյանը բացարձակապես համատեղելի չեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ