Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկին կոչ ենք անում Ադրբեջանին ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին»․ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույց

Հունվար 28,2025 13:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում վեհաժողովն ընդունեց Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացի զեկույցը։ Զեկույցում ամրագրված են մոնիտորինգի տակ գտնվող երկրների վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները՝ 2024-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում։

Հայաստանն այն երկրներից է, որը գտնվում է ԵԽԽՎ-ի ամբողջական մոնիտորինգի ներքո։ Այդ երկրների թվում են նաև Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Մորդովան, Սերբիան, Ուկրաինան, Հունգարիան, Բոսնիա և Հերցոգովինան, Սերբիան, Լեհաստանը։

Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Զանդա Կալնինա Լուկաշեվիցան իր ելույթում, անդրադառնալով Ադրբեջանում իրավիճակին, հայտարարեց․ «Զեկույցում Մոնիտորինգի հանձնաժողովն ընդգծել է Ադրբեջանում անմխիթար իրավիճակը՝ կապված քաղաքական և քաղաքացիական հասարակության դեմ շարունակվող ճնշումների հետ, ինչպես նաև իր ափսոսանքն է հայտնել իշխանությունների՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ համագործակցելուց հրաժարվելու համար: Վեհաժողովը, հետեւելով հանձնաժողովի հանձնարարականին, չի վավերացրել Ադրբեջանի հավատարմագրերը։ Ցավոք, դրանից հետո իրավիճակը երկրում  չի բարելավվել, և փոխարենը Ադրբեջանի իշխանությունները որոշել են այս վեհաժողովի 76 անդամներին պերսոնա նոն գրատա հայտարարել»։

Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում Հայաստանի հետ կապված արձանագրված է․ «Վեհաժողովը բարձր է գնահատում երկրի շարունակական նվիրվածությունը ժողովրդավարական զարգացմանը` չնայած անվտանգային լուրջ մարտահրավերների։ Ողջունում է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հիմքում ընկած օրենսդրական գործընթացի ներառականությունն ու թափանցիկությունը և գտնում է, որ իրապես ժողովրդավարական ընտրությունների անցկացման նպատակը հիմնականում իրականացվել է։ Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ երկրում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ չափազանց բևեռացված և հակասական։ Կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին բարելավել հարաբերությունները խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև: Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին շարունակել բարեփոխումների իրականացումը արդարադատության համակարգի և ԶԼՄ-ների ու խոսքի ազատության ոլորտներում»։

Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում բացի այն, որ ԵԽԽՎ-ն լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանում ժողովրդավարության վատթարացող իրավիճակի հետ կապված, նաև կրկին կոչ կա Ադրբեջանին՝ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ հղում կատարելով Վեհաժողովի կողմից ընդունված բանաձևերին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031