«Բանակի օրվան ընդառաջ գործող վարչախմբի պարագլուխը հայտարարություններ է արել, իբր թե` Արարատի խոսույթի, Մուշ-Արդահան-Ադանա գնալու խոսույթի ներքո մեզ ոչ ոք զենք չի վաճառի: Եվ իբր այդ խոսույթի ներքո չենք կարող բանակի բարեփոխում իրականացնել:
Մեր բանակի բարեփոխումները պետք է իրականացվեն, իրականացվում են եւ կիրականացվեն Հայաստանի, ժողովրդի անվտանգության, Արցախի ինքնորոշման, մեր արժանապատվության խոսույթի ներքո: Այդպիսի բառակազմ օգտագործելը հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան: Թող նշի մեկ նախագահի, մեկ արտգործնախարարի, մեկ պաշտպանության նախարարի, մեկ գլխավոր շտաբի պետի մի հայտարարություն, որտեղ կա Մուշը հետ բերելու, Վանը հետ բերելու, Ադանան հետ բերելու խոսույթ, ու այդ ամեն ինչը կապվում է բանակի հետ: Չկա նման բան…» ,-Եռաբլուր պանթեոնում ճեպազրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի եւ վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով օրերս Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:
«Հայաստանի ռազմական դոկտրինում նման բան չկա նշված, Հայաստանի անվտանգության ռազմավարության մեջ նման բան չկա նշված: Ինքը հորինում է ինչ-որ թեզեր եւ այդ թեզերի ներքո բավարարում է բանակը կազմաքանդելու՝ թշնամիների պահանջը: Ուզում եմ առիթից օգտվելով հերթական անգամ ասել՝ դու ստում ես, դու չես կարող ոչ մի ապացույց բերել քո այդ խոսքերի…
Եթե ունես ապացույց, քո առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ բեր եւ մտցրու մեր աչքը, թե որ պաշտոնյան է, պատասխանատուն է երբեւիցե նման հայտարարություն արել: Ավելի լավ է՝ դու պատասխան տուր այն հարցին, թե ժողովրդի հարկերից մուծված միջոցները, որոնք նախատեսված են երկրի ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար, ինչո՞ւ չեն օգտագործվել հավուր պատշաճի: Ինչո՞ւ է անցյալ տարի երկրի ռազմական արդյունաբերության համար նախատեսված 5,8 մլրդ դրամից օգտագործվել միայն 1,1 մլրդ դրամը, եւ 2021 թվականից մինչ օրս բոլոր տարիների համար ռազմական արդյունաբերության համար նախատեսված բյուջեն ինչ՞ու է թերակատարվել»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ