Ինչպես տեղեկացրել ենք, գողություն կատարելու կասկածանքով երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային կառույցում հարցաքննվել են հինգ հոգի, որոնց թվում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի երկու նախկին ծառայողներ՝ Գոռ և Հուսիկ անուններով։ Այս երկու պարեկներին համակարգից հեռացրել էին՝ առանց նախազգուշացման, առանց մեքենաները կանգնեցնելու ու խախտումներ հայտնաբերելու գյումրեցի վարորդներին տուգանելու համար։
Քաղաքացիներն անտեղյակ լինելով, որ իրենք տուգանվել են, ԴԱՀԿ-ից նամակներ էին ստացել՝ որպես օրինախախտներ, ու դիմել էին Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ պարեկների նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով։ Նրանք սակայն մնացել էին անպատիժ, թերևս, որպես պատժելու ձև բավարարվել էին միայն աշխատանքից հեռացնելով։
Մեր տեղեկություններով՝ հինգ հոգի ձերբակալվել են՝ խմբակային հանցագործություն կատարելու, այն է՝ նախապես խումբ ձևավորելու ու բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով։
Այս երկու պարեկներից բացի, խմբի մեջ եղել են նաև երկու քաղաքացիական անձ և ՊՆ-ի նախկին աշխատակից՝ Մ․ Զ․-ն, Ս․Ս․-ն, Ք․Դ․-ն։
Կարդացեք նաև
Նրանցից մեկն այս պահին Վանաձորի, մյուսները Շիրակի մարզի՝ Գյումրու ու Ախուրյանի ձերբակալվածների պահպանման վայրերում են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ