Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի տոնը։
Արդի հայոց բանակը ծնունդ է առել մեր ժողովրդի համար դժվարին օրերին՝ մեր միասնական հայրենիքի ազատության և անկախության համար մղվող պայքարի բովում` հընթացս դառնալով հազարամյակների փառապանծ հայկական մարտական ավանդույթների շարունակողը։ Մեր նորաստեղծ բանակը ձևավորվեց նվիրյալների և հերոսների անսահման կամքի ու հավատքի շնորհիվ, ովքեր ոչ միայն պաշտպանեցին մեր հայրենիքը, այլև դրեցին հայկական պետության ամուր հիմքերը։ Պատահական չէ, որ թե անցյալում և թե հիմա մեր բանակը առավել հեղինակավոր հաստատությունն է երկրում, և մեր ողջ ժողովուրդը բանակին հատուկ վերաբերմունք ունի։
Մեր բանակն անցել է բարդ, բայց հերոսական ուղի՝ դառնալով հայ ժողովրդի արժանապատվության, տոկունության և կամքի մարմնացումը։ Թեև մենք վերջին տարնիներին ծանր կորուստներ ենք կրել, Հայոց բանակը տարեցտարի կվերականգնի իր ուժերը և կշարունակի մնալ մեր հայրենիքի անվտանգության գլխավոր հիմնասյունը, իսկ մենք բոլորս էլ կդառնանք միասնական ազգ-բանակ և մեր բանակին ամուր թիկունք ու հենարան։
Այսօր, այս նվիրական օրը խորին շնորհակալություն հայտնենք մեր բանակի բոլոր նվիրյալներին, նրա բոլոր տարիների զինծառայողներին՝ սպաներին, ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, խիզախ տղամարդկանց և հերոսական կանանց՝ մեր երկրի հողն ու ջուրը, մեր ժողովրդի ազատությունը անձնվիրաբար պաշտպանելու համար։ Շնորհավորենք նրանց տոնը, մաղթենք տոկունություն, առողջություն և բարի ծառայություն, խաղաղ երկինք, ամուր թիկունք, և անկոտրում կամք՝ պաշտպանելու այն ամենը, ինչը թանկ է բոլորիս համար։
Կարդացեք նաև
Կեցցե Հայոց բանակը, Աստված զորավիգ նրա բոլոր մարտիկներին: