«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց Բանակի օրվա կապակցությամբ։
Որքան էլ Հայոց Բանակն այսօր գտնվի արտաքին և ներքին թշնամիների հարվածի թիրախում, անժխտելի է, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն կերտել են հաղթանակի փառավոր էջեր, երկարատև տարիներ հանդիսացել մեր տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորը, այլև շարունակում են մնալ մեր պետականության փառքի և կարողությունների վերականգնման ամենագլխավոր հենասյունը։
Այսօր՝ Հայոց Բանակի օրը, պարտավոր ենք հերթական անգամ գլուխ խոնարհել մեր բոլոր ժամանակների նահատակների հիշատակի առջև։ Նրանք գիտակցաբար գնացին մահվանը դեմ հանդիման՝ մտքում կրկնելով Եղիշեի խոսքերը․ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»։ Ու հենց իմացյալ մահով էլ անմահացրեցին ոչ միայն իրենց, այլև հարատև դարձրեցին հայոց պետականությունը։
Կարդացեք նաև
Առավել քան վստահ եմ, որ Հայոց Բանակը կրկին կվերագտնի իր փառավոր ուժը, կրկին կստիպի հակառակորդին հաշվի նստել իր հետ, կրկին նրա շնորհիվ մենք մեզ կզգանք հաղթանակած, անվտանգ ու մեր տարածքների նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում խորտակիչ հարված հասցնելու պատրաստ հավաքական զորավոր միություն։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Փա՛ռք Հայոց Բանակին։ Փա՛ռք մեր զինվորներին ու սպաներին։ Պատիվ ունեմ։