«Այսօր ասել, որ Արարատի մասին խոսել չի կարելի, կամ մեզ այլ կերպ կվերաբերվեն, դա աբսուրդ է»,- այսօր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առիթով Եռաբլուր փառքի պանթեոնում ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Անահիտ Հակոբյանը:
«Հայոց պետականության գոյության ոչ մի ժամանակահատվածում մենք այսպիսի խայտառակ վիճակում գտնվող բանակ, զինված ուժեր չենք ունեցել: Բոլորս գիտենք, որ ցանկացած պետության գոյության երաշխավորության գրավականը տվյալ պետության զինված ուժերն են, տվյալ պետության բանակն է:
Մենք զինված ուժեր ունեցել ենք հենց Համահայկական Առաջին Թագավորության ժամանակահատվածից: Սարդուր Երկրորդ՝ 350 հազարանոց բանակ, Արտաշիսյանների օրոք Տիգրան Մեծ՝ 300 հազարանոց բանակ, Արշակունիների օրոք ունեցել ենք 120 հազարանոց բանակ, Երվանդականների օրոք նույնիսկ նոր կազմավորված Երկրորդ Համահայկական Թագավորությունը ունեցել է 48 հազարանոց բանակ, ապա նաեւ Բագրատունիների օրոք՝ 90-100 հազարանոց բանակ: Այսինքն, Հայոց պետականության ոչ մի պայմանում, անգամ Կիլիկիայում՝ էլի 90-100 հազարանոց բանակ, մենք չենք ունեցել նման խայտառակ իրավիճակ ու մարտունակության նման ցածր մակարդակ: Ես միայն կարող եմ այդպես բնութագրել մեր այսօրվա բանակի վիճակը:
Բայց դա կապ չունի հայ զինվորի մարտական ոգու հետ: Հայ զինվորի մարտական ոգին միշտ բարձր է եղել: Ուղղակի նրան պակասում է իշխանության մարմինների կողմից տրված նրա գնահատականը, որն այս պահի դրությամբ չունենք: Այդ է պատճառը, որ այսօր մեր զինվորականության իրավիճակը սա է:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է, որ մեզ զենք չեն վաճառի, ապա, լինելով աշխարհի խելոք գենոֆոնդի մի մասնիկը, մենք ինքներս կարող ենք ստեղծել նմանօրինակ, նմանատիպ զենքեր ու կախված չլինել աշխարհի ոչ մի երկրից: Մենք ունենք այդպիսի գենոֆոնդ եւ այդքան պաշարներ: Մի պետություն, որն ունի աշխարհի ողջ հարստության պաշարի 7-8 տոկոսը, չի կարող չունենալ նման տիպի զենք ու չմտածել ցանկացած զենք ստեղծելու համար»:
Հարցին, թե ռեա՞լ է համարում, որ Ռուսաստանը, Հնդկաստանը կամ Ֆրանսիան ասել են, եթե Արարատի եւ Արագածի դիսկուրսը տանեք, մենք ձեզ զենք չենք վաճառի: Դա իրատեսակա՞ն է, թե՞ հերթական անգամ Ադրբեջանի, Թուրքիայի պահանջները կատարելու համար է այսպիսի բան հայտարարվում, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Դա իրատեսական չէ: Յուրաքանչյուր պետություն նախ եւ առաջ իր անվտանգության մասին է մտածում, առաջին հերթին իր պետության շահերն է պաշտպանում, ապա հարեւան կամ դիմացի պետության շահերը: Եթե մենք կարողանանք Հայաստանի շահերը համապատասխանեցնել, այսինքն` Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարողանան համապատասխան դիվանագիտական քաղաքականություն վարել արտաքին աշխարհի ցանկացած պետության, դա լինի Ֆրանսիա, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, թե Ամերիկա, ապա ըստ այդմ՝ մենք չենք ունենա այն իրավիճակը, որը առկա է այսօր, այս պահին:
Ես օգտվելով առիթից, քանի որ այսօր՝ 1992 թվականի հունվարի 28-ին, այն ծանր պայմաններում, որ կազմավորվել էր Հայեց Երրորդ Պետականությունը եւ այս օրը ունեցանք Հայոց Բանակ եւ սա մեր բանակի ստեղծման օրն է, կուզենայի շնորհավորել սկսած շարքայինից մինչեւ ամենաբարձր աստիճան ունեցողներին, ցանկանալ, որ նրանց ոգին լինի բավականին բարձր, ամուր կանգնեն մեր Հայոց հողի վրա եւ երաշխավորեն մեր Հայրենիքի անվտանգությունը»,-ասաց Արցախի նախկին նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ