«Ուզում եմ իմ խոնարհումը բերել Երկրապահի կողմից բոլոր այն հերոսածին մայրերին, որոնց զավակներն այս տարիների ընթացքում նահատակվել են» ,-Եռաբլուր պանթեոնում ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Նա խուսափում էր լրագրողների հարցերին պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ Բանակի տոնն է:
«Էսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, էսօր բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, նորմալ ընթանում են, էսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ էս ընթացքն անցնի»,-ասաց նա:
Լրագրողի հարցերին ի պատասխան՝ ի՞նչ կարծիքի է երկրում կատարվող իրադարձությունների մասին, երբ զոհված տղաների ծնողները հետապնդվում են, գեներալ ունենք կալանավորված, Սասուն Միքայելյանը հետեւյալն ասաց. «Դա դատական խնդիր է, իմ խնդիրը չի»:
Մյուս հարցին՝ երբ Վազգեն Սարգսյանը ստեղծում էր ԵԿՄ-ն, ամեն ինչ անում էր, որ ԵԿՄ-ն չքաղաքականացվի, իսկ ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է, այսպես պատասխանեց. «Էս մի օրը մեր օրն է, մի քաղաքականացրեք, հարցազրույց չեմ տալիս, դա իմ իրավունքն է»:
Կարդացեք նաև
Իսկ իր համար ծա՞նր չի՞ այսօր գալ- կանգնել Վազգեն Սարգսյանի շիրմաքարի առաջ: Սասուն Միքայելյանն ի պատասխան հետեւյալը նշեց. «Ես Վազգեն Սարգսյանի գործն եմ շարունակում մինչեւ էսօր ու չեմ ուզում ստեղ ինչ լինում է, ադրբեջանական սայթերը քցեք: Ես չեմ ուզում ինչ-որ բան ասեմ, հատկապես որ մեր խաղաղության հետ կապված արդեն ամեն ինչ մտել է դիվանագիտական փուլ, ես հարցազրույց չեմ տալիս…»:
Մանրամասն տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ