Ցանկանում եմ գլուխ խոնարհել բոլոր ժամանակների մեր նահատակ հերոսների առջև: Այս մասին Հայոց բանակի 33-րդ տարեդարձին նվիրված իր ուղերձում նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Մեր աղոթքները և մխիթարության մաղթանքները անհայտության մեջ գտնվող մեր եղբայրներին՝ շուտափույթ վերադարձի և իրենց ընտանիքների համար: Մեր ամբողջական խոնարհումը բոլոր նրանց, ովքեր այս 33 տարիների ընթացքին, հակառակ բոլոր տեսակի դժվարությունների, տառապանքների, ցավերի, խոցումների, վիրավորումների ոտքի կանգնեցին և մեծ պատվով ու պատասխանատվությամբ գործեցին մեր երկրի, պետականության ո՛չ մայն ամրապնդման այլ նաև հատկապես անվտանգության համար:
Հայոց բանակը 33 տարեկան է: Ձևավորվել է ամենադժնդակ պայմաններում, երբ զինվորական արվեստին ոչ մի բանով ծանոթ մարդիկ՝ մշակներ, մտավորականներ, գիտնականներ, կյանքի տարբեր խավերից նվիրյալ հայորդիներ վճռեցին ազատել Արցախ աշխարհը, պաշտպանել Հայաստանի հանրապետության սահմանն ու վերականգնել մեր պատիվը: Այսուհանդերձ այսօր գտնվում ենք խոցված վիճակում՝ գողացված պատվի և ուրախության ժամանակներում:
Մենք կոչված ենք վերականգնել Հայոց բանակի հաղթական ավանդույթները և շարունակել նրա հաղթական շքերթը», – ասվում է Սրբազանի տեսաուղերձում: