Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակներ դեռ լինելու են: Պարտավոր ենք համախմբվել ազգային-պետական իդեալների ու շահերի շուրջ՝ մերժելով մեզ պարտադրվող պարտվածի խարանը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Հունվար 28,2025 11:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հայոց պետականության անվտանգության գլխավոր երաշխավոր՝ ՀՀ զինված ուժերը նշում են կազմավորման 33-ամյակը։

ՀՀ ԶՈՒ ակունքներում Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական ջոկատների ներդրումն է, նաև՝ ողջ հայության Հայոց բանակ ունենալու նվիրական երազանքը։ Այն ամրակուռ և մարտունակ կառույց դարձավ՝ անցնելով 1992-94թթ․ Արցախի ազատագրական պայքարի հերոսական ուղին, հաղթահարելով բազում փորձություններ ու մարտահրավերներ՝ հակառակորդին պարտադրելով խաղաղություն ու տևական զինադադար։

Նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Հայոց բանակը, զինված ուժերի, զինվորականի անկոտրում կամքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ երկար տարիներ կարողացավ ապահովվել Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը։

Ցավոք, օրվա իշխանությունների ազգադավ ու ավերիչ քաղաքականության հետեւանքով ՀՀ Զինված ուժերն ու Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը մենակ մնացին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած 44-օրյա անհավասար պատերազմում։

Խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Հայոց բանակի կազմում իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի և Հայոց պետականության։

Հատուկ խոնարհում և գնահատանք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որը, թեև դավաճանվեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհությամբ կարելին արեց դիմագրավելու 2023 թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան։

Շնորհավորելով ՀՀ Զինված ուժերին, կրկին վերահաստատում ենք՝

հերոսը Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանունակությունը երաշխավորող հայ զինվորն է, երկրի սահմանները պահող զինվորականը,

ՀՀ Զինված ուժերը կարիք ունեն իրական, արմատական բարեփոխումների, որոնց առանցքում մարտունակության բարձրացումն է, սոցիալական, կենցաղային պայմանների բարելավումը։

ՀՀ Զինված ուժերը քաղաքական իշխանության ինքնահաստատման և ինքնագովազդի հարթակը չեն, այլ երկրի մարտունակությունն ու պաշտպանունակությունը երաշխավորող կառույց, որին զերծ պետք է պահել դիլետանտիզմից, ցնցումներից ու նսեմացումից։

ՀՀ Զինված ուժերը կենսականորեն կարիք ունեն ՈԳՈՒ, ՀԱՂԹՈՂԻ հոգեբանության վերադարձի, որը հնարավոր է ներազգային համերաշխությամբ, ազգային-պետական ուղեգծի հաստատումով։

Մենք պարտավոր ենք համախմբվել ազգային-պետական իդեալների ու շահերի շուրջ՝ մերժելով մեզ պարտադրվող նվաստացածի ու պարտվածի խարանը։

Հայոց բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և խաղաղ ապագայի երաշխիքը։

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031