Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ մեկ ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի»։
«Մենք երբեւիցե ժանգոտած, անպիտան զենք չենք գնել, մենք երբեւիցե չենք ունեցել սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։ Փաշինյանը թող պատասխան տա՝ այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որը եղել է հայկական բանակի ձեռքին, ո՞ւր է այն հիմա, ինչո՞ւ ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով իշխանության «խաղաղության օրակարգին», Օհանյանն ասաց, որ այն խաբկանք է, իրականում հակամարտությունն ավելի է խորացել, քանի որ Արցախը հայաթափվել է, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Իսկ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ նորանոր ճնշումներ են գործադրում հայ ժողովրդի վրա։
Ինչ վերաբերում է Տավուշից հերթական տարածքների հանձնմանը, որն իշխանությունը ներկայացնում է որպես սահմանազատում ու սահմանագծում, Սեյրան Օհանյանն ասաց․ «Այն, ինչ անցած տարի իրականացվեց, դա ապօրինի եւ միջազգային բոլոր սկզբունքներին հակառակ իրականացված միակողմանի ոչ թե սահմանազատում էր, այլ մեր ինքնիշխան տարածքներից հողերի հանձնում էր։ Փոխարենը մենք ոչինչ չստացանք»։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ եթե այս անգամ եւս Տավուշից են սկսում այդ գործընթացը, դա նշանակում է, որ այդ ամենը մեզ պարտադրվում է։ «Հակառակ դեպքում մենք կարող էինք սկսել այլ տարածքներից, որտեղ հակառակորդը շուրջ 240 քառակուսի կիլոմետր գտնվում է մեր տարածքում ու չի էլ ուզում դուրս գալ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»