Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս մի շարք աղմկահարույց հայտարարությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ պետության եւ եկեղեցու հարաբերություններին, նշելով որ դրանք այսօր այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն, որովհետեւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերի մեջ։ Եվ որպես համոզիչ փաստարկ հիշել է 2018-ի օրերը․ «2018 թ-ին ինձնից շատերը պահանջում էին, ասում էին՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է ունենա նոր կաթողիկոս։ Ես հրապարակային ասել եմ՝ կառավարության ի՞նչ գործն է, թե ով է կաթողիկոսը։ Կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոսն է, ՀՀ-ինը չէ միայն»,-ասել է Փաշինյանն ու նկատել, որ դեռ այն ժամանակ էլ մեղադրանքներ կային, թե իրենք են կազմակերպում, հրահրում եկեղեցու ու անձամբ կաթողիկոսի դեմ այդ ընդվզումները։ «Եթե մենք կազմակերպեինք՝ 2018 թ-ին շատ արագ արդյունքի կհասնեինք, բայց դա մեր օրակարգի հարց չի եղել»,-նշել է նա։
Ի՞նչ է ակնարկել Փաշինյանը, ասելով, որ եթե «մենք կազմակերպեինք՝ 2018 թ-ին շատ արագ արդյունքի կհասնեինք» ի՞նչ միջոցների կարող էին դիմել «արդյունքի հասնելու համար», որին չեն դիմել: «Նախ, իրենք փորձել են դա անել, ինքը ստում է, բա 2018թ-ին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումն ո՞ւմ կողմից էր ֆինանսավորվում, օգտագործվում, չէ՞ որ հետո այդ մարդիկ տարբեր պաշտոններ զբաղեցրեցին ամենատարբեր օղակներում․․․»,-ասում է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը:
«Հիմա, եթե թուրքը լիներ երկրի ղեկավար՝ ի՞նչ կաներ՝ նույն բանը․․․, եթե այս տեսանկյունից նայենք ամեն ինչ կհասկանանք, հիմա սատանան է եկեղեցու դեմ պայքարում ու եթե ինքը պայքարում է եկեղեցու դեմ, ինքը սատանայի զավակ է։ Նա արդեն ցեղասպանությունն էլ է կասկածի տակ դնում, իսկ այս դեպքում ի՞նչ տարբերություն, չէ՞ որ թուրքն էլ է կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանությունը»,-ասում է Տեր Ահարոնն ու ընդգծում, որ պակաս մեղավոր չեն նաեւ այն մարդիկ, ովքեր շրջապատում են երկրի ղեկավարին ու աջակցում նրան։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: