Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ այդպիսի հարցեր մի տվեք». ԳՇ պետը հրաժարվեց պատասխանել Արարատ-Արագած դիսկուրսին, զենք ձեռք բերել չկարողանալուն, Հայաստանի ինքնիշխան տարածքին վերաբերող հարցերին

Հունվար 28,2025 10:56

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ այսօր այցելել էր «Եռաբլուր» փառքի պանթեոն: ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում նա առաջին հերթին շնորհավորեց մեր բոլոր զինվորականներին, ապա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը, ցանկացավ, որպեսզի մեր զինված ուժերը կարողանան էլ ավելի զարգանալ, կատարելագործվել եւ պատրաստ լինեն իրենց առջեւ դրված խնդիրները կատարելու:

Այս նախաբանից հետո ԳՇ պետը հրաժարվեց հստակ պատասխաններ տալ լրագրողներին հետաքրքրող հստակ հարցերին:

-Դուք եւս համամի՞տ եք, որ զինված ուժերի զարգացումը պայմանավորված է Արարատի եւ Արագածի դիսկուրսով:

-Մի կապեք զինված ուժերի օրվա հետ կապված հարցերը ռազմական եւ քաղաքական բնույթի հարցերին: Ներողություն եմ խնդրում: Եթե այդպիսի հարցեր եք տալու, ես գնամ, որովհետեւ միջոցառումների շարք ունենք, որից ես ուշանում եմ:

-Մենք զենք չենք ստանում, չենք կարողանում գնել, որովհետեւ պատճառը Արարա՞տն է: Այդպե՞ս է:

-Այդպիսի հարցեր ինձ մի տվեք: Եթե ուզում եք, որպեսզի զինված ուժերի օրվան նվիրված միջոցառմանը ես շնորհավորանքներ հղեմ:

-Բայց արդեն շնորհավորեցիք:

-Ներկայացնեմ, որ զինված ուժերը տեղում կանգնած չեն, իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են: Ներկայիս դրությամբ սահմանին կանգնած մեր ժամկետային զինվորները, պայմանագրայինները եւ սպաները զգոն իրենց խնդիրը կատարում են, իսկ զինված ուժերի մշտական տեղակայման վայրերում գտնվող զորամասերը եւ ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են եւ նշում են իրենց տոն օրը:

-Սահմանային լարվածություն…

-Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն: Սահմանային խորություններում հակառակորդի զինված ուժերի կուտակումներ չկան եւ պահպանվում է հարաբերական կայունություն:

–Այնուամենայնիվ, որոշակի առումով զենք չենք կարողանում…

-Ներողություն եմ խնդրում զինված ուժերի կազմավորման 33-րդ ամյակին նվիրված օրվան այդպիսի հարցեր ինձ մի ուղղեք:

-Բայց դրանք անհանգստացնում են, չէ՞, քաղաքացիներին:

-Քաղաքացիները, այո, մտահոգություններ պետք է ունենան, որովհետեւ հակառակորդը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Մենք մեր առջեւ դրված խնդիրը կատարում ենք, նաեւ քաղաքական ղեկավարությամբ գնում ենք խաղաղության ճանապարհով՝ սահմանազատման, սահմանագծման ճանապարհով: Զինված ուժերն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել:

-Սահմանազատման, սահմանագծման արդյունքում Հայաստանի օկուպացված տարածքից՝ Ջերմուկից, դուրս կգա՞ թշնամին:

-Արդեն սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին կհետեւենք եւ դրանք ցույց կտան:

-Այսինքն, դեռ հստակ հայտնի չէ՞:

-Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Դրա համար կա սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով:

-Երեք տարի առաջ ասում էիք՝ մեկ-երկու օր կմնան՝ հետ կքաշվեն: Ինչո՞ւ այդպես չեղավ:

-Մի տվեք ինձ այդ հարցերը:

-Դուք եք ասել:

-Ես ասել եմ՝ հիմա, այսօր այդ հարցին չեմ պատասխանում:

-Իսկ ե՞րբ կգա այն օրը, երբ այդ հարցին սպառիչ պատասխան կլինի:

-Երբ կգա այդ օրը, այդ հարցերի սպառիչ պատասխանը դուք կլսեք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031