Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Հունվար 28,2025 09:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրը, երախտագիտությամբ հիշենք և արժանին մատուցենք հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին՝ բարձրագույն ղեկավարությունից մինչև շարքային զինվոր: Նրանք իրենց ամենօրյա տքնաջան աշխատանքով, անասելի դժվարություններ հաղթահարելով, պատերազմում փառավոր հաղթանակներ կերտելով՝ կայացրին մեր անկախ պետականության պատվարներից մեկը՝ Հայոց բանակը:

Փա´ռք և պատի´վ նրանց:

Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից: Այդ իրողությունը պետք է ուղենիշ և հիմք դառնա մեր երիտասարդ սերնդի համար՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը, մարտունակությունն ու ոգին, ինչը միանգամայն հնարավոր է:

Ոչ հեռու անցյալում ես խոսել եմ այս գործում հաջողության հասնելու համար մի քանի պարզ ճշմարտություններ ազգովին արձանագրելու և ընդունելու մասին, որոնք այսօր էլ արդիական են:

Երբ խոսում ենք բանակի դերի և նշանակության մասին, պետք է չմոռանանք, որ այն կոչված է ոչ միայն մեր պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, այլև պաշտպանելու աստվածատուր մեր ազգային ինքնության կարևոր հիմնասյուները՝ մեր հավատքն ու լեզուն, մեր մշակույթը, մեր ընտանիքը:

Դա լավագույնս գիտակցող թշնամին և մեր երկրի ներսում նրան անթաքույց սպասարկողները հենց այդ պատճառով առաջին հարվածն ուղղեցին Հայոց բանակի դեմ՝ սկզբում վարկաբեկելով, այնուհետև կազմաքանդելով ու թուլացնելով, իսկ վերջնարդյունքում՝ պատերազմում պարտության մատնելով:

Բնականաբար, ցանկացած բանակ տարիների ընթացքում պետք է բարեփոխվի և արդիականացվի, ինչը կազմավորումից հետո, որպես առաջնահերթություն, մշտապես եղել է հայկական բանակի գործունեության հիմքում: Սակայն բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031