Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգայինի» մեջ պարտադիր կա քաղաքական բաղադրիչը

Հունվար 28,2025 10:00

Միջնակարգ դպրոցի հասարակագիտության դասընթացում կա անդրադարձ ազգի եւ ժողովրդի տարբերություններին: Մասնավորապես, 11-րդ դասարանի դասագրքում (2015) «Ազգային շահեր» գլխում խոսվում է ազգի բնութագրիչների մասին, եւ շեշտվում են այն հատկանշները, որոնք քաղաքական իմաստ են ստանում: Դասագիրքն, ընդհանուր առմամբ, իհարկե, հնացել է, բայց խիստ անցանկալի է, որ փոփոխությունները կատարվեն Հայաստանի ներկայիս ղեկավարի ֆեյսբուքյան գրառումների եւ «լայվերի» հիման վրա:

Տեսությունները, բնականաբար, շատ են եւ իրար հակասող, բայց որեւէ տեղ չեմ տեսել «ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ» բանաձեւը: Հաճախ ասվում է հակառակը՝  ժողովուրդն աճում է ներքեւից, իսկ ազգը կառուցվում  վերեւից: Պատահական չէ, որ խոսվում է «ազգաշինության» (nationbuilding – ի)՝ որպես քաղաքական պրոցեսի, ոչ թե ժողովրդաշինության մասին: Մենք չենք ասում «եզդի ազգ», բայց ամենայն հարգանքով ենք վերաբերվում մեր կողքին ապրող այդ հրաշալի ժողովրդին, նրա ավանդույթներին, լեզվին, մշակույթին:

Հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալու Բենեդիկտ Անդերսոնի «Երեւակայական հանրություններ» (Imagined Communities) դասական աշխատությանը, որը լույս է տեսել 1983 թվականին: Բրիտանացի քաղաքագետը տալիս է ազգի հետեւյալ ձեւակերպումը՝ երեւակայական քաղաքական հանրություն է (դարձյալ քաղաքական), որն ինքնին, ներքուստ սահմանափակ է եւ ինքնիշխան (inherently limited and sovereign):

Երեւակայական է, որովհետեւ այդ հանրության մեջ չկա ամենօրյա շփում, դրա անդամներն իրար չեն ճանաչում, բայց նրանց մտքում ապրում է ընդհանրության կերպարը: Սահմանափակ է, որովհետեւ դա ենթադրում է այլ ազգեր եւ այս կամ այն ձեւով դրանց հակադրվելը: Ինքնիշխան է, որովհետեւ ազգերը (ազգերը, ոչ թե ժողովուրդները) միշտ ձգտել են ինքնավարության: Ինքնավարության գրավականն է պետությունը:

Այդպիսով, «ազգ» հասկացության մեջ (որն, ի դեպ, ըստ Անդերսոնի, ընդամենը 200 տարվա պատմություն ունի ( թող հիմա լինի 250) , պարտադիր մտնում է քաղաքական բաղադրիչը, ինչպես նաեւ այլ ազգերին հակադրվելը եւ ինքնավարության ձգտումը:

Այսօր Հայաստանում մատուցվող թեզը, թե իբր ազգայինը ենթադրում է հետամնացություն (տրեխներ, գութան եւ անցյալի վերաբերյալ լացուկոծ), ինչպես նաեւ «ազատական»-բոլշեւիկյան ուտոպիան, որ ազգերը շուտով կվերանան եւ կլինեն միայն պետությունների քաղաքացիներ, չեն հաստատվում ոչ գիտական հետազոտություններով, ոչ էլ այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացներով:

Բայց պարզ է, թե ինչ նպատակով են այդ կեղծ թեզերը մատուցվում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իմ համոզմամբ, այսօրվա աշխարհը գնում է նոր գլոբալ ֆինանսական մոնոպոլիայի՝ թվային փողի, որը պետք է փոխարինի նախկին գլոբալ ֆինանսական մոնոպոլիային՝ ամերիկյան դոլարին: Ամեն մոնոպոլիա մասնավոր ձեռքերում՝ դա հանցագործություն է մարդկության դեմ, մոնոպոլիայի իրավունք ունեն միայն ընտրված կենտրոնացված համակարգերը՝ պետությունը ունի ազգային բանակի մոնոպոլիան, պետությունների միություններն ունեն միջազգային դատարանի մոնոպոլիան եւ նման բաներ: Դրա համար, որ մտցնեն նոր հանցագործ ֆինանսական համակարգ, փորձում են վերացնել բոլոր տեսակի ազգային կենտրոնացված համակարգեր՝ ընտանիք, համայնք, պետություն, պետությունների միություն: Ստեղծենք մեր ազգային կենտրոնացված համակարգերը եւ այլեւս ոչ մի մասնավոր մոնոպոլիա մեր համակարգում թույլ չտանք:

  2. Հ.Շ. says:

    Նպատակո՞վ , թէ՝ ամբողջովին անձնատուր լինելու հոգեբանութեամբ: Բացարձակ ճարահատութեան հոգեվիճակով:
     
    Մինչդեռ ինք է որ ասում էր, թէ միակ պարտութիւնը՝ գլուխների մէջ կրնայ հանդիսանալ…

    Տկար ու վհատ, կոտրուած, ճղճիմ, անողնայար արարած մըն է, որ ինքզինք շատ խելացի կը համարէ: Որու մէջ սակայն իրենց զիրենք ճանաչեցին մեծ թիւով հայեր: Եւ որու դիմաց՝ իրեն հակադարձող, զինք ու իր նմանները իրենց տեղերը նստեցնող, բաւարար չափով ազգային ուժեր չկային, ու դեռ չկան:
     
    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031