Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է, այլեւս չի կողմնորոշվում ու այլեւս չի կարողանում խաբել ժողովրդին, այդ մեծ խարդախը, մեծ խաբեբան այլեւս սպառել է մարդկանց խաբելու իր զինանոցը»

Հունվար 27,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին՝ ասաց. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ցայտնոտի մեջ է, այլեւս չի կողմնորոշվում ու այլեւս չի կարողանում խաբել ժողովրդին: Այն պարզ հարցերը, որ նրան տրվում են, դրանց պատասխանը ինքը, պարզապես, չունի: Այդ մեծ խարդախը, մեծ խաբեբան այլեւս սպառել է մարդկանց խաբելու իր զինանոցը: Ամեն օր ավելի մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք գիտակցում են, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գործ ունեն հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամու, ամենամեծ դավաճանի եւ հայրենիքի գողի հետ, որը գողանալով մեզնից մեր հայրենիքը՝ հիմա եկել, հասել է մարդկանց գրպանի վերջին կոպեկին:

Ընդ որում, դա անում է մի մարդ, որը իշխանության էր գալիս հետեւյալ պարզ բանաձեւով, որ 30 տարի մեր ժողովրդին կեղեքել են, թալանել են: Մի քանի պաշտոնյաներ թալանել, կուտակել են միլիարդավոր դոլարների հարստություն. Մեկինը՝ 4 միլիարդ, մյուսինը՝ 1 միլիարդ, երրորդինը՝ 500 միլիոն, հյուրանոց, բիզնես: Ու բոլորը ապօրինի: Եվ ինքը գալիս է, որպեսզի այդ միլիարդները հետ բերի ու բաժանի ժողովրդին:

Բաժանելն էլ ո՞նց պետք է լիներ: Ասենք, տրանսպորտը 100 դրամ է՝ ասեր. սիրելի ժողովուրդ, ես միլիարդները հետ եմ բերել, տրանսպորտը կլինի 50 դրամ, հարկերը վճարո՞ւմ էիք, ենթադրենք, 30 %, որոշ գործունեություն կա, առհասարակ ազատում եմ հարկերից: Որովհետեւ 4 միլիարդը Հայաստանի պետական բյուջեի մեկ տարվա փողն է: Պիտի ասեր հարկ մի վճարեք, գողացած փող եմ բերել:

Հերիք չի, դա չի արել, հետն էլ գողացել է ոչ միայն մեր պետության բյուջեի փողը, այլ նաեւ՝ մեր ապագա բյուջեների փողը, որովհետեւ արտաքին պարտքը, որ 6 միլիարդից հասցրել է 12 միլիարդ, շուտ-ուշ բյուջեից է փակվելու: Արդեն  2025 թվականից տարեկան $ 1 միլիարդի է հասնում միայն վարկերի սպասարկումը:

Ու սրա հետ միասին եկել, կպել է ամենախեղճ, ամենաաղքատ մարդկանց, որոնց տված իշխանությամբ եկել նստել է ու այսօր դարձել միլիարդատեր ու նրանց է թալանում: Հանրային տրանսպորտից ո՞վ է օգտվում: Այն մարդիկ, որոնք ոչ ավտո ունեն, ոչ նյութական հնարավորություն, պետք քաղաքում տեղաշարժվեն՝ գնան իրենց աշխատանքին ու գան տուն: Դրանց է կպել, դրանց է կեղեքում ու թալանում:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում այս երկրում դեռ մի օրենք չի ընդունվել, որից որեւէ հարուստ տուժի: Հակառակը, ով հարուստ էր, ավելի է հարստացել, ով աղքատ էր, ավելի է աղքատացել: Օրինակ, բանկերի սեփականատերերը, որոնք այսպես թե այնպես հարուստ էին, նրանց շահույթները մի քանի անգամ ավելացել է: Նրանցից ոչ մեկը հանրային տրանսպորտից չի օգտվում: Այսինքն, տրանսպորտը 100 դրամ է, թե 300, դա իրենց վրա չի ազդում: Դա ազդում է ամենահասարակ մարդկանց վրա: Կարմիր գծերը, որ սարքել է 160 հազար դրամ, դրանից ոչ մի հարուստ չի տուժում, որովհետեւ նրանք գնում են էլեկտրոմոբիլ, էլեկտրոմոբիլն էլ կարմիր գծերի 160 հազար դրամից ազատված է, իրենց արտոնություն է տված: Այդ գումարը պետք է վճարեն Opel-ի,  Nissan-ի, Ford-ի, Niva-ի վարորդները, որոնց էլ ասում են «համբալ»:

Նույնը՝ հայտարարագրերը: Պետրոսը հարցնում է՝ կո՞ղմ է տրանսպորտի թանկացմանը, պատասխանում է, որ ինքն ուզում է, որ Երեւանում լինի տրանսպորտ: Այ բալա: Տրանսպորտը կա, գինը 100 դրամ է: Ավագանին՝ ՔՊ-ի ձեր խմբակցությունը եւ հոպլոները, թանկացնելու որոշում են կայացրել, կողմ են: Դու վարչապետ ես, կոնկրետ դու կողմ ե՞ս տրանսպորտի թանկացմանը: Ասում է. եթե տրանսպորտը չթանկանա, MAN-երի ապակիները կհանեն, ցելոֆան կամ դիֆտ  կխփեն:

Ինչի՞ պետք է ցելոֆան խփեն: Հիմա Երեւանում համայնքային պատկանելիության մանկապարտեզների գինը զրո դրամ է: Այդ որոշումը կայացրել է Երեւանի ավագանին, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր: Սա փաստ է: Հիմա որ ծնողը չի վճարում, դա հո չի՞ նշանակում, որ այնտեղ ամեն ինչը ձրի է: Համայնքն է վճարում: Ու ոչ մի մանկապարտեզի ապակիների տեղը ցելոֆան կամ դիֆտ խփած չի: Ապակին՝ ապակի է, դուռը՝ դուռ է, խաղալիքը՝ խաղալիք է, դաշնամուրը՝ դաշնամուր է, դաստիարակն էլ՝ դաստիարակ է: Ամեն ինչը կա: Նույնը կարող է լինել տրանսպորտի պարագայում:

Բայց դուք եկել եք իշխանության  ու Երեւան քաղաքում ամեն ինչը թանկացրել եք: Բնակարանի գույքահարկը ձեր իշխանության գալուց հետո ավելացել է չորս անգամ, Կենտրոնում առհասարակ է թանկացել, մեքենաների գույքահարկն է թանկացել: Այդ ամբողջ փողը գնում է համայնքային բյուջե: Հարցնում ենք՝ ի՞նչ եք անում այդ փողերը, պարզվում է՝ բիզնես դասի տոմս են առնում, որպեսզի Տիգրան Ավինյանը ԱՄՆ թռնի յոթ միլիոնանոց տոմսով:

Այսինքն, Երեւանի թոշակառուին, ուսանողին, սոցիալապես ծանր վիճակում գտնվողին ասում է 100 դրամի փոխարեն վճարիր 300 դրամ, որպեսզի Ավինյանը Ամերիկա աննպատակ այցելության ժամանակ կարողանա բիզնես դասի տոմս առնել:

Մի հատ էլ պոդքաստ են հնարել: Նստել, ձեռ են առնում ժողովրդին: Հարցնում է. Աննա, էդ $ 135 հազարանոց Lexus-ը հո քո՞նը չի, քո ծառայողակա՞նը չի: Նա էլ՝ բա ո՞ւմն է: Բա թե, այ աղջի, ՊՊԾ-ինն է: Դու դրա հետ կապ չունես: Ուղղակի հայաթում կանգնած է: Երեւի քեզ տեսնում, ասում են՝ տիկին Աննա, քեզ ո՞ւր տանենք: Այ էդպես իրենց էդ հալով մարդկանց գժի տեղ դրած, ապրում են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031