Պատմաբան Սուրեն Մանուկյանը գրում է.
«Մի թեմայի մասին եմ ուզում գրել, որն ինձ իրոք մտահոգում է։ Մի քանի օր առաջ տեսա, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հանդեսի նոր համարն է լույս տեսել, մտա նայեմ բովանդակությունը, տեսա ամբողջությամբ անցել են անգլերեն հոդվածների, երեկ էլ Արեւեգագիտության ֆակուլտետը տարածեց «Արեւելագիտության հարցեր» ժողովածուի հրատարակման մասին լուրը, նորից ուզեցա տեսնել բովանդակությունը՝ էլի անգլերեն։
Սա մի նոր չարիք է, երբ Հայաստանում տպագրվող հանդեսները զանգվածաբար անցնում են վատ անգլերենով տպագրվելուն։
Ես ունեմ համոզմունք, որ Հայաստանում գիտական հանդեսները պետք է մեծամասամբ լինեն հայերեն, իհարկե, որոշ անգլերեն հանդեսներով։
Կարդացեք նաև
Նախ ուսանողները կամ երիտասարդ գիտնականները, կամ ավագ սերունդը ավելի հեշտությամբ կընթերցի դրանք։
Հետո, հայերենը որպես գիտության լեզու մեռնում է, եթե այն չի օգտագործվում հոդվածներ գրելու համար։ Չեն առաջանում տերմիններ, նորագույն տեսությունները չեն նկարագրվում հայերենով։ Մխիթարյան միաբանները կսարսափեին, եթե մեկն ասեր, որ Հայկական անկախ պետություն է լինելու ու գիտությունը անգլերեն են զարգացնելու։
Եվ, վերջապես, ես գիտեմ, որ պատճառաբանելու ենք միջազգայնացմամբ, «Սքոպուս»-ով եւ այլ շտեմարաններ մտնելով։ Ասեմ, որ լեզուն խոչընդոտ չի դրա համար։ Բազմաթիվ ոչ անգլերեն հանդեսներ կան, այդ թվում թուրքերեն։ Իսկ ԱԲ վրա հիմնված թարգմանիչների պարագայում լեզուն նույնպես բոլորովին արդարացում չի։
ՀԳ․ Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտն այդ հարցն արդեն լուծել է։ Մենք ունենք հայալեզու «Ցեղասպանագիտական հանդեսը» եւ անգլալեզու «International Journal of Armenian Genocide Studies»-ը»։