2024 թվականի մարտ ամսին աղմկոտ պատմության մեջ հայտնված ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի ծառայողները, որոնց նկատմամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում համատարած քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիք կատարելու փաստերով, հայտնվել են մեկ այլ պատմության մեջ։
Aravot.am-ի տեղեկություններով, նրանցից առնվազն հինգն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային կառույցում են՝ գողություն կատարելու կասկածանքով, հարցաքննվում են։
Հիշեցնենք, որ նրանք ըստ ճաշակի՝ տուգանքի էին ենթարկել քաղաքացիներին՝ առանց նրանց մեքենաները կանգնեցնելու, առանց նախազգուշացնելու ու խախտումներ հայտնաբերելու։
Մի խումբ քաղաքացիներ, անտեղյակ լինելով, որ իրենք տուգանվել են, ԴԱՀԿ-ից որպես օրինախախտի՝ նամակներ էին ստացել ու դիմել էին Հակակոռուպցիոն կոմիտե։
Կարդացեք նաև
Այս մասին բարձրաձայնել էր նախկին իրավապաշտպան, ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարեկային ոստիկանության վրա պլան է դրած եղել, ըստ որի՝ յուրաքանչյուր պարեկ աշխատանքային օրվա 8 ժամվա ընթացում նվազագույնը 20 վարչական ակտ պիտի կազմի, ամենաքիչը 5000 դրամի սահմաններում, պարեկներն էլ, ընդդիմադիր գործչի հաշվարկներով, միայն Շիրակի մարզից մեկամսյա կտրվածքով 600 միլիոն դրամի տուգանք էին «նկարել»։
Այս պատմությունն ավարտվել էր նրանց աշխատանքից հեռացնելով․ անպատիժ մնացած նախկին ծառայողները այժմ էլ կասկածվում են մեկ այլ հանցանք կատարելու մեջ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ