Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանի պատմությունը ցույց է տվել, որ կողմերն իրենք չեն կարող դիվանագիտական ճանապարհով կարգավորել հակամարտությունը. «Ամերիկայի ձայն»

Հունվար 27,2025 22:44

«Ամերիկայի ձայն». Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են ՀՀ-ի ու Ադրբեջանին միջև էսկալացիայի հավանականությունը: Այս հարցում փորձագետները տարակարծիք են, իսկ ՀՀ հետախուզության ծառայության գնահատականով` լայնածավալ ռազմական հարձակման հավանականությունը մեծ չէ: ՀՀ-ի իշխանությունները շարունակում են ահազանգել Բաքվի քաղաքականության մասին

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը օրերս հրապարակված իր «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույցում բարձր չի գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական հարձակման հավանականությունը 2025 թվականին:

Միևնույն ժամանակ, ըստ հետախուզական գերատեսչության, «պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի»:

Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը օրերս քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն` հունվարի 23-ին Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ ունեցած իր հեռախոսազրույցում:

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ մի շարք հարցերի հետ մեկտեղ պետքարտուղար Ռուբիոն և արտգործնախարար Ֆիդանը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը»։

Չնայած դրան՝ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ մտահոգություն են հայտնում Ադրբեջանի գործողությունների ու իրավիճակի հնարավոր սրման կապակցությամբ: Դեռևս հունվարի 8-ին «Արմենպրեսին» տված գրավոր հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել»:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում իր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների կապակցությամբ: «Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»,- ասել է Գրիգորյանը:

Տարածաշրջանում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հավանականության վերաբերյալ ամերիկացի վերլուծաբանները տարակարծիք են: German Marshall Fund հիմնադրամի վերլուծաբան Դեյվիդ Սալվոն զգուշավոր լավատեսություն է հայտնում, թե խաղաղության համաձայնագրի կնքումը հեռու չէ:

«Իհարկե, երբեք հնարավոր չէ վստահաբար պնդել, որ էսկալացիա չի լինի: Բայց ադրբեջանական տեսանկյունից Բաքուն ստացել է ամենաշատը, եթե ոչ ամենն, ինչ ցանկանում էր: Չեմ կարծում, որ նրանց իրականում ձեռնտու է ռազմական գործողությունների վերսկսումը: Կարծում եմ, որ հայկական տեսանկյունից էլ, այս պահին շատ քիչ բան կա անելու, բացի հնարավորինս արագ խաղաղության համաձայնագրի կնքումից»,- «Ամերիկայի ձայնին» է ասել Սալվոն:

Իր հերթին, նախկին զինվորական, Արտաքին քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտի վերլուծաբան Ռոբերտ Համիլթոնը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հնարավոր է համարում նման զարգացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը վերջին մեկ տարվա ընթացքում: Նա խոսում է բոլորովին այլ բաների մասին այսօր՝ համեմատած 2020-2023 թվականների հետ, Լեռնային Ղարաբաղի շուրջ էսկալացիայի ժամանակ:

«Այժմ նա խոսում է այն տարածքների մասին, որոնք գտնվում են միջազգայնորեն ճանաչված հայկական սահմանների ներքո: Նա խոսում է միջանցքի մասին և պնդում, որ Ադրբեջանը պետք է ունենա կամ վերահսկի Նախիջևան տանող միջանցքը: Եվ սրանք իսկապես տարբեր բաներ են: Իմ կարծիքով՝ խոսքը այլ տեսակի և ավելի վտանգավոր ռազմական էսկալացիայի մասին է, քան այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում»,- ասում է Համիլթոնը:

Նրա կարծիքով՝ կայուն խաղաղության գրավականն է արտաքին ուժերի ճնշումը կողմերի նկատմամբ և միջազգային խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը:

«Տարածաշրջանի պատմությունը ցույց է տվել, որ կողմերն իրենք չեն կարող դիվանագիտական ճանապարհով կարգավորել հակամարտությունը. առկա են չափազանց շատ իրարամերժ շահեր, որոնք հաճախ ամբողջովին հակադրվում են միմյանց: Կպահանջվի արտաքին ուժերի որոշակի ներգրավվածություն և միգուցե արտաքին ուժերի ճնշումներ մեկ կամ երկու կողմերի վրա՝ հրաժարվելու այն պահանջներից, որոնցից նրանք չեն ցանկանում հրաժարվել՝ կայուն խաղաղություն ստանալու համար»,- ասում է Համիլթոնը:

Նախկինում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում Երևանը վարում էր անզիջուն քաղաքականություն, որը զգալի չափով փոփոխության ենթարկվեց «2020 թվականի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով»` «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Ատլանտյան խորհրդի ավագ վերլուծաբան Ջոն Հերբսթը՝ ընդգծելով՝ այսօր անզիջուն ու կոշտ դիրքորոշումներն այլևս բնորոշ են Բաքվին:

«Շատ կարևոր փոփոխություն է: Բացի այդ, կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը գիտակցել է, որ Կրեմլին ապավինելը իրականում չափազանց ինքնակործան քաղաքականություն է, քանի որ երբ սկսվեց 2020 թվականի պատերազմը, Մոսկվան ավելի շատ աջակցում էր Ադրբեջանին»,- ընդգծում է Ջոն Հերբսթը:

Ըստ նրա՝ դրանցով է պայմանավորված այսօր Երևանի ջանքերն ու ձգտումները՝ ավելի խորացնել կապերը Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031