Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց գործով դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին

Հունվար 27,2025 22:11

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր կայացավ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի, նրա հետ փոխկապակցված Սուրեն Աբովյանի եւ Անահիտ Հովհաննիսյանի գործով դատական վերջին նիստը: Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով: Նրանք չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքը եւ ուզում են հավատալ, որ դատարանը կկայացնի արդարացման դատավճիռ:

Մասնավորապես, Մամիկոն Ասլանյանը իր վերջին խոսքում ասաց, որ 2,5 տարուց ավելի դատավարության մասնակիցները տեսան, որ նախաքննական մարմնի բոլոր գործողությունները դատական նիստերի դահլիճում որեւէ կերպ իրավական գնահատականի եւ վերլուծության չեն դիմանում: «Դատաքննության գերակշիռ մասը ես անցկացրել եմ ճաղերի հետեւում: Այն ժամանակ, երբ իմ կալանավորումը նոր էր,  ես իրողությունների հետ ապրում եւ հասկանում էի այդ պահին իմ հետ կապված հախուռն երեւույթները, իրադարձությունները ինչ նպատակ են կրում»: Նա մեկ անգամ եւս հիմնավորումներով հերքեց իբր ինչ-որ հողատարածքներ ապօրինի օտարելու վ երաբերյալ իրեն եւ իր հետ կապկցվող անձանց վերագրվող մեղադրանքները, առավել եւս, որ ժամանակագրությունը համընկնում է COVID 19-ով եւ 44-օրյա պատերազմով պայմանավորված արտակարգ դրության հետ , երբ ավագանու նիստեր էլ չէին գումարվում:

«Այս գործի որեւէ փուլում որեւէ արձագանք, որեւէ ակնարկ չի կատարվել ՏԻՄ օրենսդրությանը: Թե նախաքննական մարմինը, թե մեղադրանքի պաշտպանության կողմը պետք է իմանար, որ Վանաձոր համայնքի եւ ընդհանրապես որեւէ համայնքի ղեկավարը գույքի տնօրինողը չէ: Համայնքի գույքի տնօրինողը, տեր-տիրականը ավագանին է: Այսինքն, դա կոլեգիալ, ներկայացուցչական մարմին է, որը կայացնում է որոշումներ՝ օրակարգ բերված հարցերի վերաբերյալ: Մեր մոտ խնդիրները լուծվել են կոնսենսուսային կարգով: Եվ մեզ մոտ թե հողերին վերաբերող, թե այլ օրակարգային բազմաթիվ հարցեր հենց օրակարգը քննարկելու ժամանակ հանվել է քվեարկությունից: Այսինքն, այնպես չի, եթե համայնքի ղեկավարը, ինչպես մեղադրանքի մեջ է նշված, ինչ-ինչ շահերից ելնելով հարց է մտցրել օրակարգ: Արձանագրությունները կան, աշխատողները կան, բազմաթիվ նման նախագծեր բազմաթիվ պատճառներով ավագանու նիստում հավանության չեն արժանացել եւ հանվել են օրակարգից: Իսկ որոշումները կայացվել են կոլեգիալ:

Համայնքի ղեկավարին ավագանու միջոցով հող օտարելու մեջ մեղադրելը նույնն է, որ ԱԺ նախագահին մեղադրանք ներկայացվի այսինչ նախագիծը ԱԺ օրակարգ բերելու եւ օրենք ընդունելու համար:

Երկրորդը: Ավագանու որոշումները, որոնք կրում են նորմատիվ վարչական ակտերի բնույթ, անցնում են մի քանի աստիճանակարգի իրավական փորձաքննությունների փուլ:

Ավագանու բոլոր որոշումները զետեղվում են Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում:

Դրանց օրինակները ուղարկվում են մարզպետարան, իրավական փորձաքննության՝ արդարադատության նախարարություն, ՏԿԵ նախարարություն:

Հետեւաբար, համայնքի ղեկավարին մեղադրել սխալ, օրենքից չբխող որոշումներ կայացնելու մեջ, անհիմն, առարկայազուրկ փաստեր բերել այն դեպքում, երբ որ համայնքի ղեկավարի կամ ավագանու կողմից կայացված որոշումները որեւէ օրենսդրական, իրավական, դատական խոչընդոտի չեն հանդիպել եւ մինչու այսօր էլ մեր քաղաքացիների ձեռքին են, եւ նրանք ունեն սեփականության վկայական ու տիրապետում, տնօրինում, օգտագործում են իրենց գույքը, իրավական տգիտություն է:

Ու այս ամենին զուգահեռ ինձ մեղադրել սխալ որոշումներ ընդունելու մեջ, սա գլոբալ առումով, ուղղակի մարտահրավեր է ուղղված հենց տեղական ինքնակառավարման մարմինների մասին սահմանադրական օրենքին»,-հայտարարեց Մամիկոն Ասլանյանը եւ հույս հայտնեց, որ դատարանը խորհրդակցական սենյակ հեռանալով որեւէ բանով կաշկանդված չի լինի ու կկայացնի արդարացման որոշում:

Նախագահող Դատավոր Սարգիս Դադոյանը հայտարարեց, որ դատավճռի եզրափակիչ մասը կհրապարակվի 2025 թվականի  հունվարի 29-ին, ժամը 12:40-ին, ՀԿԴ թիվ 4 նիստերի դահլիճում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031