Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը»

Հունվար 27,2025 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հակիրճ, բայց հիմնավոր կերպով ասել է այն, ինչ այս օրերին պարտավոր է արձանագրել յուրաքանչյուր մասնագետ, հայ ու քաղաքացի։

Ահա ամբողջական գրառումը.

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են՝

– Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը և դրան առնչվող «անցյալի հիշողությունների հիման վրա Թուրքիայի դեմ թշնամանքի դադարեցումը»,

– Արարատ լեռը որպես սիմվոլ հեռացնելը,

– Կարսի պայմանագրի ճանաչումը,

– Անկախության հռչակագրի փոփոխությունը և այլն։

Կապիտուլիացիան թերևս ունի տեսական և գործնական հարթություններ․ եթե դու ընդունում ես թշնամի-հակառակորդի պահանջներն ու նախապայմանները տեսական հարթությունում, ապա դրանց գործնական կիրառումը, ինչպես ասում են՝ տեխնիկայի և ժամանակի հարց է։

Թուրքիայի ներկայացրած նախապայմանները և Հայաստանի այս պահի իշխանությունների իրականացրած որոշակի քայլեր տառացիորեն համընկնում են։ Ուստի, Հայաստանի գործող իշխանության այն քայլերը, հայտարարությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակ առ ժամանակ փոթորկում են հայության գիտակից հատվածի զգացումները, ընդամենը տեսական կապիտուլիացիայի՝ Թուրքիայի նախապայմանների ընդունման, գործնական կիրառումներն են։

Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը, իսկ իշխանական թեզերը՝ ինքնիշխանության, պրագմատիզմի, իրական ու պատմական Հայաստանների, Արարատի ու Արագածի հակադրության և այլն, ոչ այլ ինչ են, քան չստացված քաղաքական խուսանավումների փորձեր։

Եվ զարմանալ կամ անակնկալի գալ Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան, Անկախության հռչակագրի, պատմական հիշողության, ազգային ինքնության և այլ հարցերի հանդեպ իշխանության քայլերից վաղուց արդեն պետք չէ, անգամ անհույս լավատեսների պարագայում դա արդարացված չէ։

Սակայն զարմանալ կարելի է հայաստանյան հասարակության մի մասի և հատկապես՝ գիտական շատ որոշակի շրջանակների՝ ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, «խորը ակադեմիական» լռության, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգի տակ պախկված վախվորած պահվածքի, ինչպես նաև Սփյուռքի որոշ շրջանակների անհասկանալի «պետականամետ պահվածքի» վրա։

Իսկ իշխանությունների քայլերը իբրև թե քննադատող, սակայն հավասարության գծեր տանող, կեղծ օբյեկտիվության պատրանք ստեղծող, որպես անկողմնակալ մտածողներ ներկայացող երեսպաշտների զանգվածի հանդեպ ոչ թե զարմանք, այլ օբյեկտիվ արգահատանք կարելի է տածել միայն։

 

Հ․Գ․ Ի դեպ, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգն իրեն լիովին սպառել է, քանի որ մինչ որոշ գիտնականներ, մտավորականներ իրենց վախը և հարմարվողականությունը քողարկում են այդ տխրահռչակ ու կեղծ լոզունգի ներքո, իշխանությունները և նրանց ղեկավարն ինքն է մտել «գիտության» ասպարեզ և ակտիվորեն զբաղվում է պատմագիտությամբ, ցեղասպանագիտությամբ, ազգագրությամբ, սոցիոլոգիայով, մշակութաբանությամբ, հոգեբանությամբ և էթնոլեզվաբանությամբ։

 

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031