Համաշխարհային բանկի կողմից հրապարակվել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը, որն անդրադառնում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների տնտեսական դինամիկայի վերլուծությանը
● Տնտեսական աճի տեմպը դանդաղեց՝ նոյեմբերին կազմելով 1.2 տոկոս (տ/տ)՝ պայմանավորված արդյունաբերության կտրուկ կրճատմամբ։
● Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերը շարունակում են նվազել։
● Գնաճը դեկտեմբերին բարձրացավ մինչև 1.5 տոկոս (տ/տ)։
● Առևտրաշրջանառությունը նվազեց (տ/տ)՝ ոսկու և ոսկերչական իրերի վերաարտահանման նվազելու պատճառով։
● Բյուջեի պակասուրդը նոյեմբերին ավելացավ, իսկ աճողական կարգով կազմեց ՀՆԱ-ի 2․3 տոկոսը, որը հավասար է 2024 թ․ կանխատեսված տարեկան ցուցանիշի կեսին։
Նոյեմբերին տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն իջավ՝ հոկտեմբերի 4․2 տոկոսից կազմելով 1.2 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) (պատկեր 1)։ Նոյեմբերի անկումը հիմնականում պայմանավորված էր 19 տոկոսով արդյունաբերության կրճատմամբ (տ/տ), որի վրա ազդել էին մշակող արդյունաբերության 24.4 տոկոսով (տ/տ) և հանքարդյունաբերության (տ/տ) 6.9 տոկոսով նվազումը։ Մշակող արդյունաբերության թողարկումը հիմնականում նվազեց գունավոր մետաղների արտադրության ծավալների 70 տոկոսով կրճատման հետևանքով։ Մշակող արդյունաբերության մյուս հիմնական խմբերը, ինչպիսիք են՝ սննդամթերքը, ծխախոտը և խմիչքները, շարունակեցին աճել։ Բոլոր մյուս ոլորտներն աճել են՝ ծառայությունները (բացառությամբ առևտրի) կրկնապատկվել են՝ հոկտեմբերի 5.2 տոկոսից (տ/տ) նոյեմբերին կազմելով 10.4 տոկոս (տ/տ)․ շինարարության և առևտրի երկնիշ աճը շարունակվել է։ Աճողական կարգով՝ հունվար – նոյեմբեր ամիսներին աճի ցուցանիշը հասավ 7.4 տոկոսի (տ/տ)՝ պայմանավորված 18 տոկոսով առևտրի աճով (տ/տ)։
Կարդացեք նաև
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին 14.3 տոկոսով նվազեցին (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ)։ Զուտ ներհոսքերը նվազեցին (ա/ա) բոլոր աղբյուրներից, այդ թվում՝ Ռուսաստանից (6.2 տոկոս, ա/ա), Միացյալ Նահանգներից (6.4 տոկոս, ա/ա) և այլ երկրներից (69 տոկոս, ա/ա) (պատկեր 2)։ 2023 թ նոյեմբերի համեմատ զուտ ներհոսքերը 21.7 տոկոսով պակաս էին (տ/տ) հիմնականում Ռուսաստանից զուտ ներհոսքերի նվազման պատճառով։
Դեկտեմբերին գնաճը բարձրացավ մինչև 1.5 տոկոս (տ/տ), որը 2023 թ․ ապրիլից սկսած ամենաբարձր տեմպն էր (պատկեր 3)։ Ասվածը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ավելի բարձր գնաճով (դեկտեմբերին 2 տոկոս, տ/տ՝ բարձրանալով նոյեմբերի 1.7 տոկոսից), և առողջապահության մասով, որը նոյեմբերի 2․5 տոկոսից (տ/տ) բարձրանալով դեկտեմբերին կազմեց 3.2 տոկոս (տ/տ)։
Դեկտեմբերին շարունակեցին նվազել հագուստի և կոշկեղենի (նվազումը՝ 2.6 տոկոս, տ/տ), կահավորանքի և կենցաղային տեխնիկայի (նվազումը՝ 2.5 տոկոս, տ/տ) և բնակարանային-կոմունալ տնտեսության գները (նվազումը՝ 0.2 տոկոս, տ/տ)։ 2024 թ․ միջին գնաճը 0.3 տոկոս էր՝ 2023 թ․ 2 տոկոսի համեմատ։ 2024 թ․ դեկտեմբերին 10-ին ՀՀ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը 25 բազիսային կետով իջեցրեց 7 տոկոսի՝ աճողական կարգով 2024 թ․ կրճատումը հասցնելով 225 բազիսային կետի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերադարձել է 2022 թ․ օգոստոսի մակարդակին։
2024 թ․ նոյեմբերին, նախորդ ամիսների բարձր աճից հետո, առևտրաշրջանառությունը նվազեց (տ/տ)։ Արտահանումը նոյեմբերին նվազեց 35 տոկոսով (տ/տ)՝ հոկտեմբերին 23.6 տոկոսով (տ/տ) աճելուց հետո։ Ներմուծումը ևս նվազեց 21.4 տոկոսով՝ հոկտեմբերին 9.2 տոկոսով (տ/տ) ավելանալուց հետո։ Նոյեմբերի կտրուկ անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման (նվազումը 64.6 տոկոս, տ/տ) և ներմուծման (նվազումը 70.6 տոկոս, տ/տ) ավելի ցածր ցուցանիշով, որը բացատրվում է վերաարտահանման այս ապրանքախմբի համեմատության բազայի բարձր ազդեցությամբ, որը 2023 թ․ նոյեմբերին սկսել էր շեշտակի աճել։
Տրանսպորտային միջոցների արտահանումը և ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 54 (տ/տ) և 35 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով Վրաստանի կողմից դեպի Ռուսաստան մեքենաների վերաարտահման արգելքին։ Արտահանման մյուս ապրանքախմբերում տ/տ աճ արձանագրվեց, բացառությամբ յուղերի և ճարպերի (նվազումը՝ 56 տոկոս, տ/տ) և փայտյա իրերի (նվազումը՝ 13 տոկոս, տ/տ)։
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը և տրանսպորտային միջոցները (խոշոր իրերի վերաարտահանումը) հաշվի չառելու դեպքում ընդհանուր արտահանումն աճը 32 տոկոս էր (տ/տ) (պատկեր 4)։
Նոյեմբերը ներառյալ՝ աճողական կարգով արտահանումն ու ներմուծումն աճել են համապատասխանաբար 73.9 տոկոսով (տ/տ) և 41.5 տոկոսով (տ/տ), ընդ որում առևտրի պակասուրդը նվազել է 13.9 տոկոսով (տ/տ)։
Դեկտեմբերին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և ռուբլու նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվեց։ ՀՀ դրամի արժեզրկումը սկսեց դեկտեմբերի սկզբին, սակայն ամսվա ընթացքում ավելի ուշ կայունացավ։ Դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացել էր 0.5 տոկոսով (ա/ա), իսկ ռուբլու նկատմամբ՝ 1.4 տոկոսով (ա/ա)։ Դեկտեմբերի վերջին միջազգային պահուստները 3.7 միլիարդ ԱՄՆ դոլար էին (2.5 ամսվա ներմուծման ծածկույթ)։
Առևտրային բանկերի ավանդները նոյեմբերին ավելացան 2.3 տոկոսով (ա/ա), իսկ վարկերը՝ 2.6 տոկոսով (ա/ա)՝ ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին։ Փոխարժեքով ճշտված ավանդները նոյեմբերին աճեցին 10.4 տոկոսով (տ/տ), իսկ վարկերը՝ 22.1 տոկոսով (տ/տ) (պատկեր 5)։ Նոյեմբերին ֆինանսական առողջ ցուցանիշները պահպանվեցին։ Կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) նվազեց 0.1 տոկոսային կետով՝ կազմելով 20.4 տոկոս։ Չաշխատող վարկերի (NPL) հարաբերակցությունը ցածր մնաց՝ 1.2 տոկոս, իսկ եկամտաբերությունն ըստ ակտիվների փոքր-ինչ նվազեց՝ կազմելով 4․3 տոկոս, հոկտեմբերի 4․5 տոկոսի համեմատ։
Բյուջեի պակասուրդը նվազեց մինչև 20.7 միլիարդ ՀՀ դրամ (հոկտեմբերի 138.5 միլիարդ ՀՀ դրամի համեմատ)։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճեցին 11.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ԱԱՀ (15.7 տոկոս, տ/տ) և եկամտային հարկի (15 տոկոս, տ/տ) աճով։ Սակայն շահութահարկերը նվազեցին 32 տոկոսով (տ/տ)։
Ընդհանուր ծախսերը նոյեմբերին նվազեցին 0.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պաշտպանական ծախսերի նվազման հաշվին (նվազումը՝ 45.2 տոկոս, տ/տ)։ Սա մասամբ փոխհատուցվել է սոցիալական պաշտպանության ծախսերի 35 տոկոսով (տ/տ) բարձրացմամբ՝ շարունակելով փախստականների աջակցությունը։ Կապիտալ ծախսերը նոյեմբերին նվազեցին 44.5 տոկոսով (տ/տ)՝ աճողական կարգով հասնելով ՀՆԱ-ի 3.8 տոկոսին՝ 2024 թ․ կանխատեսման 55 տոկոսին։ Աճողական կարգով բյուջեի պակասուրդը հասավ 232.2 միլիարդ ՀՀ դրամի (պատկեր 6), որը համարժեք է տարեկան ՀՆԱ-ի 2.3 տոկոսին՝ համեմատած 2024 թ․ բյուջեի 4.7 տոկոսի չափով կանխատեսվող պակասուրդի հետ։
Պատկեր 1. Տնտեսական ակտիվության աճի տեմպն նոյեմբերին ավելի դանդաղեց (տ/տ)
(Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշ, տ/տ փոփոխություն, %)
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե
%)
Պատկեր 2. Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակեցին նվազել
(հազար ԱՄՆ դոլար)
Պատկեր 3. Գնաճը դեկտեմբերին բարձրացավ, սակայն միջին գնաճը զսպված մնաց՝ 0.3 տոկոս
(ՍԳԻ գնաճ, տ/տ փոփոխություն,
Պատկեր 4. Թանկարժեք քարերի արտահանումը նոյեմբերին նվազեց՝ պայմանավորված համեմատության բազայի բարձր ազդեցությամբ
(միլիարդ ԱՄՆ դոլար)
Պատկեր 5. Նոյեմբերին բանկերի ավանդների և վարկերի բարձր երկնիշ աճը պահպանվեց
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշտված)
Պատկեր 6. Նոյեմբերը ներառյալ բյուջեում պակասուրդ գրանցվեց, սակայն 2024 թ․ կանխատեսումից ցածր
(միլիարդ ՀՀ դրամ)