Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը նոր նշանակումներ է կատարել Գյումրու քաղաքապետարանի թափուր մնացած մի քանի պաշտոններում։
Ինչպես տեղեկանում ենք համայնքապետարանի պաշտոնական էջից, Սարիկ Մինասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պատասխանատուների հետ և աշխատակազմին ներկայացրել երեք նոր պաշտոնյաների՝ աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սերգեյ Իսրայելյանին, Ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետի ԺՊ Լիլիթ Մուրադյանին, Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ԺՊ Արթուր Ստեփանյանին։
Անդրադարձել ենք, որ Սերգեյ Իսրայելյանը Ախուրյանի միասնական սոցիալական ծառայության պետն էր, Սարիկ Մինասյանի գործընկերը․ նախքան քաղաքապետի ժ/պ նշանակվելը` Սարիկ Մինասյանը զբաղեցնում էր Գյումրու Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։
Կարդացեք նաև
Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը, ով Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից էր։ Նա Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր դեռ Հովհաննես Հարությունյանի պաշտոնավարման ժամանակվանից, մարզպետարանում աշխատեց Նազելի Բաղդասարյանի, այնուհետ Մուշեղ Մուրադյանի, կարճ ժամանակով նաև Դավիթ Առուշանյանի օրոք։
Իսկ ֆինանսատնտեսական բաժնի պետ Արթուր Ստեփանյանը նոր մարդ չէ Գյումրու քաղաքապետարանում։ Ինչպես տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակիցները, Սամվել Բալասանյանի քաղաքապետ ընտրվելուն պես՝ Արթուր Ստեփանյանը աշխատանքի էր անցել քաղաքապետարանի աուդիտի բաժնում, միայն թե որպես շարքային աշխատակից։ Նա որոշ ժամանակ աշխատել է քաղաքապետարանում։
Սարիկ Մինասյանը, որը ևս պաշտոնի էր անցել Սամվել Բալասանյանի օրոք․ նա գլխավորում էր բյուջեի և եկամուտների բաժինը, ըստ էության հենց այդ ժամանակվանից է գործընկերային հարաբերությունների մեջ եղել Արթուր Ստեփանյանի հետ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ