«Ադրբեջանում մարդիկ պետք է ապահովված լինեն այն բոլոր իրավունքներով, որոնք երաշխավորված են Եվրոպայի խորհրդի կողմից՝ ներառյալ արդար դատավարությունը»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին՝ ինչպե՞ս կարող է Նախարարների կոմիտեն կանգնեցնել Բաքվում ընթացող խայտառակ գործընթացը, այսպես պատասխանեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Քսավիե Բետելին։
Արմեն Գևորգյանը Վեհաժողովի դահլիճում հայտարարեց․ «Պարոն նախարար, երկու շաբաթ առաջ Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի հայազգի ղեկավարության ցուցադրական «դատավարությունը»։ Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում։ Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, արնահոսող ողբերգություն հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում։ Բաքվի ռեժիմը սեփական ժողովրդին մեկուսացնում է քաղաքակրթությունից՝ կառուցելով ազգային ծայրահեղականության վրա արմատացած միջնադարյան բռնապետական ռեժիմ։ Չի կարող հայերի նկատմամբ արդար դատավարություն լինել մի պետությունում, որտեղ արդարադատություն չկա անգամ սեփական քաղաքացիների համար»։
Քսավիե Բետելը փաստեց՝ ԵԽ անդամ յուրաքանչյուր երկրի պարտավորությունն է կատարել ՄԻԵԴ որոշումները, իսկ Նախարարների կոմիտեն իրականացնում է այդ գործընթացի հսկողությունը․ «Կոնվենցիան մեր գործունեության հիմքն է, եթե դա չի հարգվում, չեն հարգվում ՄԻԵԴ որոշումները, ստիպված գանգատներ են բերվում ՄԻԵԴ, չմոռանանք, որ նախկինում էլ այդ խնդրին առնչվել ենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ